Ադելը վաճառում է Լոս Անջելեսի բնակարանն ու Լոնդոն տեղափոխվում

14:12   10 հուլիսի, 2017

Բրիտանացի երգչուհի Ադելը Բեւեռլի Հիլզում գտնվող առանձնատան համար ժամանակին 7 մլն դոլար է վճարել: Բայց հիմա 29-ամյա երգչուհին մտադիր է վաճառել այն ու Լոնդոն վերադառնալ:

«Ադելը զգում է, որ Լոս Անջելեսն իրեն դուր չի գալիս: Այն այնքան էլ հանգիստ չէ, որքան նրան թվում էր: Լոնդոնում նա ընտանիք ունի, ընկերներ, որոնք այնքան կարեւոր են նրա համար: Նրա ամուսինն ու որդին՝ Անջելոն, սատարում են նրա որոշումը»,- նշել են ներքին աղբյուրները:
Առայժմ հայտնի չէ, սակայն, թե որքան գումար է պահանջում երգչուհին առանձնատան համար:

Ադելը Լոնդոն տեղափոխվելու որոշում կայացրել է, երբ 25 ամսվա ընթացքում 121 համերգ է տվել ու զգացել, որ կորցնում է ձայնը: Վերջերս Ադելը Լոնդոնում հայտարարել է, որ այլեւս համերգ չի տալու, միայն երաժշտություն է գրելու եւ նկարահանվելու է տեսահոլովակներում: Սակայն շատերը կասկածում են, որ սա ստանդարտ քայլ է, որին շատ արտիստներ են դիմում՝ որոշ ժամանակ անց վերադարձի մասին հայտարարելու եւ ավելի շատ գումար վաստակելու համար:

Ադելը հայտարարել է, որ չի կարողանա տալ ծրագրված վերջին երեք համերգները, ինչը բազմաթիվ երկրպագուների զայրույթն է առաջացրել: Նրանք համացանցում հայտարարել են, որ երգչուհին «աշխատանքային էթիկա» չունի:

Աղբյուրը՝ Daily Mail

 Լուսանկարները՝ Getty-ի



© NEWS.am STYLE