14:50 13 հուլիսի, 2017Այսօր՝ հուլիսի 13-ին, Եվա Ռիվասը նշում է ծննդյան 30-ամյակը: Դոնի Ռոստովից Հայաստան եկած եւ մեր երկիրը «Եվրատեսիլ» մրցույթում ներկայացրած երգչուհին աչքի է ընկնում իր սկանդալային արարքներով եւ հայտարարություններով:

NEWS.am STYLE-ը որոշել է վերհիշել Եվա Ռիվասի ամենասկանդալային քայլերը, որոնք երկար քննարկվել են համացանցում:
Սկսնենք նրա սադրիչ լուսանկարներից. ամառային մի խաղաղ օր երգչուհին որոշեց իր Instagram-ի հետեւորդներին ուրախացնել թոփլես լուսանկարով:

Նրա հաջորդ՝ ամենաշատ քննարկված գրառումը կապված էր Քարդաշյան քույրերի՝ Հայաստան այցի հետ.
«Նա Երեւան է եկել, ու ամբողջ Հայաստանը ծնկի է եկել նրա առաջ։ Մարդիկ խավարասերների նման վազում են նրա հետեւից, ասես Քիմը երկրորդ Հիսուսն է: Արդեն երկու օր է՝ բոլոր ԶԼՄ-ները շների պես վազում ու հետեւում են նրա յուրաքանչյուր քայլին: Զզվելի է, որ իմ ազգն այսքան կեղծավոր ու արհեստական է: Ես այլեւս ոչինչ չեմ ցանկանում անել այս երկրի համար»,- գրել էր նա:

Ռիվասի հաջորդ սկանդալը կապված է «Հայաստանի Ձայնը» նախագծի հետ, որի կույր լսումների ժամանակ ժյուրիի կազմում գտնվող երգչուհին ոտքով է հարվածում մասնակցին ընտրելու համար նախատեսված կոճակին:
Եվա Ռիվասի՝ Հայաստանը լքելու մասին գրառումը նույնպես շատ քննարկվեց.
«Դե ինչ, ընկերներ, գնում եմ օդանավակայան, շնորհակալություն բոլորին, ով հետս էր Հայաստանում եղած ժամանակ: Գրեթե երկու տարի… քիչ ժամանակ չէ… կկարոտեմ, անգամ ցավ եմ զգում: Երբ տանից դուրս էի գալիս, սիրտս ճմլվում էր, սակայն սրտիս կեսը գտնվում է Ռուսաստանում, այդ իսկ պատճառով այստեղ չեմ կարող այլեւս մնալ: Ամենաշատը կկարոտեմ աշխարհում ամենահամեղ սնունդը»,- գրել էր նա:

Եվ, իհարկե, նրա ամենաթարմ գրառումը, որտեղ Ռիվասը հայհոյանքներ է հնչեցրել որոշ օգտատերերի հասցեին.
«Շատ մարդիկ, չիմանալով, թե ինչ է իրականում կատարվում իմ կյանքում, սխալ են ընկալել իմ՝ երկար բացակայությունը սոցկայքերից, եւ մոռացել իմ մասին: Ես նույնիսկ շատ ընկերներ եմ կորցրել, երբ նրանք որոշել են, որ Եվան «թռել»:
Փորձեք եւս մեկ անգամ հայտնվել իմ կյանքում, երբ կհասկանաք, որ Եվան երկու տարի չկար ոչ այն պատճառով, որ «թռել» էր, այլ որովհետեւ նրան պետք էր ուժեր հավաքել՝ նոր նվաճումերի հասնելու համար: «Թռնել» ես կարող եմ միայն ձեր էրոտիկ երազներում»:
Հ.Գ. Ծնունդդ շնորհավոր, Եվա Ռիվաս: