«Հայաստանում գերիշխում է Լիբանանի եւ Դուբայի շունչը». երիտասարդ դիզայները՝ հարսանեկան նորաձեւության մասին

11:10   14 հուլիսի, 2017

Ժանյակ, ասեղնագործություն, ինքնատիպ դեկոր. երիտասարդ դիզայներ Հասմիկ Գեւորգյանը հարսանեկան զգեստներ է ստեղծում:

Չնայած երիտասարդ տարիքին՝ Հասմիկը զգեստներ է ստեղծում արդեն չորս տարի: Հենց ստեղծում, քանի որ դա չի սահմանափակվում միայն զգեստ կարելով. ժամանակի եւ ուժերի մեծ մասը խլում է զգեստի ձեւավորումը:

«Օրինակ՝ կրինոլինով, ասեղնագործված իրանակալով եւ քղանցքով մի «մեծ» զգեստի համար չորս ամիս պահանջվեց»,- պատմեց Հասմիկը:

Հասմիկի ստեղծագործական կարիերան սկսվել է ուլունքագործությամբ: «Հայրս արծաթագործ է: Ես եւ քույրս նույնպես զբաղվել ենք ոսկերչությամբ, բայց ավելին էի ուզում: Հետո տարվեցի վիտրաժով, բայց դա թանկ հաճույք է»,- ասում է Հասմիկը:

«Հարսանեկան զգեստներ ստեղծելն այնքան էլ բարդ չէ: Իհարկե, փորձ եւ տեխնիկայի իմացություն է պետք: Մնացյալը երեւակայության հարց է»,- վստահեցնում է Հասմիկը: Առայժմ արտերկրից պատվերներ չեն եղել, բայց եղել են դեպքեր, երբ Հասմիկի կարած զգեստներն արտերկիր են ուղարկել, որտեղ անցկացվել է հարսանեկան արարողությունը (Ֆրանսիա եւ Իտալիա):

«Ես ավելի շատ մասնավոր պատվերներ եմ կատարում: Եթե ժամանակ է լինում, զգեստներ եմ կարում եւ սրահներին եմ տալիս»,- նշում է դիզայները:

Ինքը՝ Հասմիկը, նախընտրում է բոհո ոճը, որն ընդգծում է հարսնացուի գեղեցկությունն ու կանացիությունը:

«Մեզ մոտ նման ոճի զգեստները պահանջված չեն, դրանք հագնում են կա՛մ որպես երկրորդ զգեստ՝ հարմարության համար, կա՛մ ուշադրություն անգամ չեն դարձնում՝ չափազանց պարզ համարելով: Մեզ մոտ գերիշխում է արեւելյան փարթամ ոճը՝ Լիբանանի եւ Դուբայի նորաձեւության շունչը: Հարսանեկան զգեստներում արեւմտյան ոճը գրեթե խոսք չունի: Դասական, ուղիղ ուրվագծեր, ատլաս. նման բան գրեթե չկա: Հակառակը, հիմա կրինոլինի շերտերի ավելացման միտում կա. եթե նախկինում 4 շերտով զգեստը շատ փարթամ էր համարվում, հիմա հանդիպում են 7, 8, նույնիսկ 9 շերտով տարբերակներ»:

Հասմիկը պատմում է, որ մի հարսանիք առանձնապես տպավորվել է. «Հարսնացուն հայուհի էր, փեսան՝ դանիացի: Նորապսակներն ու հյուրերը ժամանեցին ավտոբուսով, որի վրա Հայաստանի եւ Դանիայի դրոշներն էին: Մյուս հարցերում հարսանիքը հայկական կանոններով էր՝ ավանդական երգերով ու պարերով:

Ինձ համար հարսանեկան զգեստը պսակադրության կարեւոր ատրիբուտ է: Զգեստի առկայությունը չպետք է կախված լինի այն բանից, թե քանի հյուր կա: Այն պետք է լինի թեկուզ ամենահամեստը, եթե նույնիսկ հարսանիքին նեղ շրջանակի հյուրեր են ներկա»,- ասում է Հասմիկը:

Նա ծրագրում է ազգային ոճով հարսանեկան զգեստների հավաքածու ստեղծել: Դա ոչ միայն ծավալուն աշխատանք է, այլեւ գիտելիք ու ազգագրագետի օգնություն է պահանջում: Չէ՞ որ յուրաքանչյուր տարր նշանակություն ունի եւ պետք է տեղին լինի:

Հիմա Հասմիկը զբաղված է ավելի ժամանակակից հավաքածուի ստեղծմամբ. նա ձգտում է էկո-զգեստներ ստեղծել եւ իր աշխատանքներում կտրականապես չի օգտագործում կաշի, մորթի եւ փետուրներ. «Մեզ մոտ այդ ուղղությունն ընդհանրապես զարգացած չէ: Արտերկրում վաղուց էկո-կաշի են օգտագործում, որակով այն չի զիջում իսկական կաշվին: Մեզ մոտ դրան փոխարինում է արհեստական կաշին»:

Հասմիկը փոքրիկ գաղտնիք ունի՝ սեփական մուսաները: «Կատուներն իմ ներշնչանքն են: Դրանք աշխարհում միակ էակներն են, որոնք կարող են իրենց ենթարկել ինձ»,- խոստովանում է նա։

Վաստակած միջոցների մեծ մասն աղջիկը ծախսում է փողոցից վերցված հիվանդ ու հաշմված կատուների համար, որոնք օթեւան են գտել Հասմիկի վարձած հատուկ տարածքում:

«Պատկերացնել անգամ չեք կարող, թե ինչ երջանկություն է, երբ մեռնող կատվիկն աստիճանաբար կազդուրվում է, եւ գիտակցում ես, որ կենդանի էակին կյանք ես վերադարձրել»,- ասում է Հասմիկը:

Եվ փրկված չորքոտանի ընկերները նրան սիրով եւ հավատարմությամբ են պատասխանում:

 

Մարիամ Սարգսյան



© NEWS.am STYLE