Ի՞նչ ֆիլմ դիտել այսօր. «չՆԱՅԱԾ դրան»՝ տեսողության խնդիրների, նպատակասլաց երիտասարդի եւ գեղեցիկ սիրո մասին

21:12   14 հուլիսի, 2017

Այսօր ուրբաթ է, իսկ դա նշանակում է, որ շատերին սպասում է երկօրյա հանգիստը. այսինքն՝ վաղն առավոտյան ստիպված չեք լինի արթանանալ շատ վաղ, ինչն էլ լավ առիթ է այսօր երեկոյան լավ ֆիլմեր դիտելու համար:

NEWS.am STYLE-ն այս հարցում միշտ փորձում է օգտակար լինել իր ընթերցողներին: Այսօր խորհուրդ ենք տալիս դիտել գերմանական արտադրության՝  «չՆԱՅԱԾ դրան» կատակերգությունը, որի հիմքում ընկած է իրական պատմություն:

Ֆիլմի ռեժիսորը Մարկ Ռոտեմունդն է, իսկ գլխավոր հերոսին մարմնավորում է գերմանացի դերասան Կոստյա Ուլմանը, որը շատերին ծանոթ է «Երկրպագուները նախաճաշին չեն մնում», «Ամառային հեղեղ», «Սկիզբը» ֆիլմերից:

33-ամյա դերասանը ֆիլմում մարմնավորում է Սալիային՝ նպատակասլաց երիտասարդ, որն օրերից մի օր հայտնաբերում է, որ տեսողության հետ կապված խնդիրներ ունի: Տղայի տեսողությունը օրեցօր վատանում է, եւ շուտով նա գրեթե ամբողջովին կուրանում է: Չնայած նրան, որ տղայի ծնողները հորդորում էին նրան թողնել համալսարան ընդունվելու երազանքն ու սովորել կույրերի համար նախատեսված հատուկ ուսումնական կենտրոնում, Սալիան չի հանձնվում. չէ՞ որ երիտասարդն ի սկզբանե ուներ մեծ նպատակներ՝ սովորել բարձրագույն ուսումնական կենտրոնում եւ փորձաշրջան անցնել Մյունխենի լավագույն հյուրանոցներից մեկում: Քրոջ եւ նոր ընկերների շնորհիվ Սալիային հաջողվում է թաքցնել տեսողության խնդիրն ու գնալ իր երազանքի հետեւից եւ նույնիսկ սիրահարվել:

Որքա՞ն ժամանակ երիտասարդին կհաջողվի թաքցնել տեսաղության հետ կապված խնդիրն ու ինչպիսի՞ դժվարությունների մեջ կհայտնվի նա:

Մանրամասների մասին նախընտրում ենք լռել, որպեսզի ավելի հետաքրքրությամբ դիտեք ֆիլմը: Միայն կավելացնենք, որ այն համեմված է ոչ միայն հուզիչ, այլեւ զվարճալի եւ հետաքրքիր դրվագներով, որոնք ապացուցում են, որ կյանքում ոչ մի խնդիր չպետք է խոչընդոտի, որպեսզի իրականացնենք մեր երազանքները:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE