«Ինձ ավելի հոգեհարազատ է «վատ տղայի» կերպարը». Ալեքսանդր Բաբասյան

15:05   15 հուլիսի, 2017

NEWS.am STYLE-ը շարունակում է «Կինոյի մասին» խորագրի շրջանակներում զրուցել հայ հայտնիների հետ: Այս անգամ փորձել ենք բացահայտել սերիալներից հայտնի դերասան Ալեքսանդր Բաբասյանի սիրելի ֆիլմերն ու այն կերպարները, որոնք առավել հոգեհարազատ են նրան:

«Շատ եմ սիրում ֆիլմեր դիտել, իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկն է դա: Բոլոր տեսակի ֆիլմերն էլ դիտում եմ, որովհետեւ ամեն ժանր ունի իր առանձնահատկությունը: Բայց ավելի շատ սիրում եմ դիտել պատմական ֆիլմեր եւ թրիլլերներ: Ինձ շատ է դուր գալիս, երբ ֆիլմն իր մեջ ինչ-որ բացահայտումներ է պարունակում»,-ասում  դերասանը՝ պատասխանելով նաեւ այն հարցին, թե որ ֆիլմի գլխավոր հերոսին կցանկանար մարմնավորել.

«Իհարկե, կա այդպիսի ֆիլմ, որը նայելիս ցանկություն եմ ունեցել մարմնավորել գլխավոր հերոսին: Խոսքն «Ալեքսանդր» ֆիլմի մասին է: Շատ կցանկանայի մարմնավորել Ալեքսանդր Մակեդանոցուն: Աշխարհում շատ լավ ֆիլմեր եւ հրաշալի կերպարներ կան, բայց ես հատկապես այդ մեկը կառանձնացնեի»:

Ալեքսանդրից հետաքրքրվեցինք նաեւ, թե համաշխարհային ճանաչում ունեցող որ ռեժիսորների հետ կցանկանար աշխատել.

«Շատ լավ ու ֆանտաստիկ ռեժիսորներ կան աշխարհում, բայց իմ մտքով առաջինն անցավ Գայ Ռիչին, որի ֆիլմերից մեկում մեծ սիրով կնկարահանվեի»:

Իսկ սիրելի դերասաններից առանձնացրեց հետեւյալ անունները.

«Շատ եմ սիրում Ռիչարդ Գիրին, ինձ շատ հեգեհարազատ է նրա խաղը: Շատ լավ դերասաններ կան, բայց ես նրան եմ առանձնացնում, որովհետեւ նրա էմոցիաներն ինձ ավելի հոգեհարազատ են: Չեմ կարող չխոսել նաեւ Նիկոլ Քիդմանի մասին, որն ինձ համար տարբերվում է բոլոր դերասանուհիներից իր արտաքինով եւ կերպարով: Ինձ համար առաջիններից մեկն է Նիկոլաս Քեյջը»:

Ալեքսանդրը խոստովանում  է, որ հիմնականում սիրում է մարմնավորել ֆիլմերի «վատ տղաների» կերպարները.

«Ինձ այդ կերպարն ավելի հոգեհարազատ է, որովհետեւ ավելի խաղարկային է: Սիրում եմ մարմնավորել վատ կերպարի, որը, սակայն, սիրված է ֆիլմի գլխավոր հերոսուհու եւ մնացածի կողմից»:

Հարցին, թե ինչպիսի դերեր կբացառեր իր խաղացանկից, դերասանը պատասխանեց այսպես.

«Եթե հարցը սերիալներին է վերաբերում, շատ դերեր կբացառեի: Շատ դերեր կան, որոնք չեմ մարմնավորի: Իսկ գեղարվեստական ֆիլմերում չկա մի կերպար, որը կբացառեի: Դերասանի համար շատ կարեւոր է, որպեսզի ցանկացած կերպար լավ մարմնավորի»:

Իսկ վերջում Ալեքսանդրը հատուկ մեր ընթերցողների համար նշեց մի քանի ֆիլմերի անուններ, որոնք խորհուրդ է տալիս անպայման դիտել, եթե, իհարկե, դեռ չեք հասցրել դիտել.

«Քանի որ նշեցի, որ պատմական ֆիլմերի մեծ երկրպագու եմ, այդպիսի շատ ֆիլմեր կառանձնացնեի, որոնք նայելիս կարելի է հիանալ կերպարներով եւ կատարած գեղեցիկ աշխատանքով, որոնցից շատ բաներ կարող ես սովորել: Բայց հատկապես կնշեի «Ալեքսանդր» եւ «Տրոյա» ֆիլմերը, որոնք նայելիս մեծ հաճույք ես ստանում, նաեւ կառանձնացնեի Նիկոլաս Քեյջի եւ Ջոն Տրավոլտայի մասնակցությամբ «Առանց դեմքի» ֆիլմը»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Ալեքսանդր Բաբասյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE