Համացանցում հայտնվել են Միրանդա Քերի եւ Էվան Շպիգելի հարսանիքի առաջին լուսանկարները

11:02   17 հուլիսի, 2017

Մայիսի վերջին ավստրալացի 34-ամյա մոդել Միրանդա Քերն ու Snapchat սոցցանցի 26-ամյա հիմնադիր Էվան Շպիգելը համեստ հարսանիք արեցին, որին հրավիրել էին միայն մտերիմ ընկերներին ու հարազատներին: Որքան էլ զարմանալի է՝ պապարացիները Միրանդայի եւ Էվանի հարսանիքից մանրամասներ չէին ճշտել, բայց այդ մասին ամերիկյան Vogue-ին պատմել է ինքը՝ մոդելը:

Միրանդան հանդիսությանը ներկայացել է Dior-ից զգեստով, որը մոդելի համար ստեղծել է անձամբ Մարիա Գրացիա Կյուրին: Դիզայները որպես օրինակ վերցրել է Գրեյս Քելլիի հարսանեկան զգեստը, որը 1956 թվականին ամուսնացել է Մոնակոյի արքայազն Ռենյեի հետ:

«Անկեղծ ասած՝ ավելի գեղեցիկ զգեստ չէի էլ կարող պատկերացնել: Նախկինում ես ավելի ազատ էի ոճի ընտրության հարցում, հիմա ոճս փոխվել է: Ինձ միշտ ոգեշնչել են Գրեյսը կամ Օդրին, եւ, ի դեպ, իմ տատիկը, որն 80 տարեկան է, միշտ զգեստների հրաշալի ընտրություն է կատարում»,- նշել է Միրանդան:

Էվանը նույնպես այդ հիշարժան օրը Dior-ից կոստյում է ընտրել:
Ի դեպ, հարսանեկան առավոտը սկսվել է յոգայի մեկժամյա պարապմունքով, իսկ երեկոյան երիտասարդներն ու հյուրերը կարաոկե են գնացել:



Աղբյուրը՝ Vogue



© NEWS.am STYLE