«Իսրայելը ձեզանից սովորելու բան ունի». Արցախն ու Հայաստանը՝ իսրայելցի զբոսաշրջիկի աչքերով

21:07   18 հուլիսի, 2017

NEWS.am STYLE-ը շարունակում է գրել տուրիզմի թեմայով՝ զբոսաշրջիկների հետ զրուցելով Հայաստանից ու Արցախից ստացած տպավորությունների մասին: Եվ պատահաբար ծանոթացանք Իսրայելից զբոսաշրջիկի՝ Մեննի Կորսունսկիի հետ, որը Հայաստան էր եկել կնոջ՝ Գայանեի հետ:


«Ի՞նչ դուր եկավ ինձ Արցախում: Իսկ ի՞նչ կարող էր դուր չգալ,- սկսեց Մեննին:- Մարդիկ ինձ Իսրայելի բնակիչներին էին հիշեցում: Իսրայելը պատերազմի մշտական սպառնալիքի պայմաններում է ապրում եւ, ինչպես Իսրայելում, Արցախում էլ զինվորական համազգեստով բազմաթիվ մարդիկ կան, բայց նրանք շատ բարյացկամ ու անկեղծ են: Իսկ ամենագեղեցիկ վայրն ինձ համար Շուշին է՝ Ղազանչեցոց եկեղեցիով:

Ես լավ ծանոթ եմ Արցախի համար մղված ազատագրական պայքարին: Այդ վայրն ինձ համար հայկական ոգու իրական հաղթանակի վայր է:
Ինչ վերաբերում է Արցախի ենթակառուցվածքներին, կարծում եմ, ելնելով իրավիճակից, այն լավ զարգացած է, բայց, ինչպես ասում են, կատարելությունը սահման չունի: Տասը միավորանոց սանդղակով Հայաստանում տուրիզմը հաստատուն ութ միավոր եմ գնահատում: Կարծում եմ՝ Արցախը պետք է սփյուռքից ավելի շատ հայերի ներգրավի: Այդպես ավելի շատ մարդիկ կհետաքրքրվեն Արցախով: Ի դեպ, որքան գիտեմ, Արցախ անունով դրախտային այս անկյուն Իսրայելից արդեն շուրջ 10.000 մարդ է այցելել:


Դուք հաճախ եք դժգոհում Հայաստանում եւ Արցախում սպասարկման որակից: Ստեփանակերտում ավելի քիչ բարեր ու ռեստորաններ կան, քան Երեւանում, բայց սպասարկումն այնտեղ շատ լավ է, Իսրայելը ձեզանից սովորելու բան ունի»:


Հայաստանին եւ Արցախին ուղղված նման տպավորիչ ձոնից հետո Մեննիին հարցրեցինք հայկական խոհանոցի մասին:
«Շատ լավ եմ վերաբերվում հայկական խոհանոցին: Մանկուց պաշտում եմ տոլման, դե, իհարկե, չեմ հրաժարվի նաեւ խոզի լավ խորովածից»,- նշեց մեր հյուրը:


- Մեննի, նորից կգա՞ս:
- Անպայման: Եվ ոչ մեկ անգամ: Եվ երկար ժամանակով: Սա իմ երկրորդ տունն է: Երբ Արցախ գնացի, անձնագիրս վերցրեցին, մեկ օր անց վերադարձրին, բայց այնտեղ վիզա չկար: Ես շատ զայրացա: Մի խոսքով՝ հիմա այնտեղ վիզա կա, հպարտորեն հայտարարում եմ այդ մասին...)))



© NEWS.am STYLE