«Գրեմմի»-ի եռակի մրցանակակիր Ար Քելիին կասկածում են տանը կանանց բռնի կերպով պահելու մեջ

11:05   18 հուլիսի, 2017

ԱՄՆ-ում շոու-բիզնեսի աշխարհում հերթական սկանդալն է բարձրացել։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է «Գրեմմի»-ի եռակի մրցանակակիր Ար Քելին, որին կասկածում են տանը կանանց բռնի կերպով պահելու մեջ։ Երգիչը, որը 2000-ականներին մի շարք սկանդալների մեջ էր ներքաշվել՝ կապված մանկական պոռնոգրության եւ բռնի սեքսի հետ, այս անգամ մեղադրվում է մի քանի աղջիկների ընտանիքների կողմից նրանում, որ աղջիկների խմբին բռնի կերպով իր տանն է պահում։ 

«Ար Քելին աղանդի նման մի բան է հիմնել։ Նա իր տուն է հրավիրում չափահաս աղջիկների, խոստանում զբաղվել նրանց երաժշտական կարիերայով, փակում է Ատլանտայի իր տանը, թույլ չի տալիս շփվել հարազատների հետ, վերցնում է նրանց հեռախոսները։ Հետո նրանց հետ սեքսով է զբաղվում, տեսագրում, ապա տեսագրությունը դիտում ընկերների հետ։ Ար Քելին ուղեղները լվանալու վարպետ է։ Ուտելու կամ զուգարան գնալու համար նրանից թույլտվություն պետք է խնդրել։ Նրանք լսում են նրան»,-հայտարարել է Ար Քելիի թիմի նախկին աշխատակիցներից մեկը՝ հավելելով, որ նրան չենթարկվելու պարագայում ստիպված են կրել ֆիզիկական պատժի ու վիրավորանքների հետեւանքները։

Երեկ միանգամից մի քանի ընտանիքներ մամուլի ասուլիս են հրավիրել՝ իրավիճակի մասին հայտարարելու համար։ Իսկ այսօր TMZ-ն արդեն հրապարակել է աղջիկներից մեկի՝ Ժոսելին Սեւեջի տեսաուղերձը, որի ընտանիքը երեկ մեղադրել է Ար Քելիին։ Աղջիկը հայտարարել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, եւ ինքը երջանիկ է։ 

Ար Քելիի փաստաբաննները հայտարարել են, որ Սեւեջի ընտանիքի դեմ դատական հայց կներկայացնեն՝ նրան զրպարտելու համար, իսկ աղջկա հայրը վախենում է, որ իր դուստրն այժմ տառապում է Ստոկհոլմի ախտանիշով։



© NEWS.am STYLE