NEWS.am STYLE Make Up. նկարչություն՝ ստվերաներկով, շրթներկով եւ աչքի մատիտով (տեսանյութ)

12:18   19 հուլիսի, 2017

Միգուցե խենթ հնչի, բայց դիմահարդարել կարելի է ոչ միայն մարդկային դեմքն, այլեւ շատ սովորական թուղթը: Այո, այո, ասեմ ավելին՝ շատ սովորական տետրի թուղթը...եթե, իհարկե, դրա վրա նկարել եք կանացի դեմք:)

NEWS.am STYLE-ը դիմեց նման փորձարկման: Պետք է անկեղծ նշեմ, որ առաջին անգամ նկարս ներկեցի ոչ թե սովորական մատիտներով կամ վրձիններով, այլ դիմահարդարման պարագաներով:

Եթե սիրում եք նկարել եւ ցանկանում եք կրկնել նման փորձ, ապա ձեռքի տակ ունեցեք ձեր ամենօրյա make up-ի պարագաները՝ տարբեր երանգների ստվերաներկեր, աչքի մատիտ, շրթներկ…

Սկսենք սկզբից: Նախ՝ սովորական նկարչական մատիտով նկարեք որեւէ դեմք: Ուրվանկարն ավարտին հասցնելուց հետո կրեմագույն ստվերաներկով ներկեք այն: Ստվերներն ու անկյուններն ուրվագծեք ավելի մուգ՝ օրինակ, շագանակագույն  երանգի ստվերաներկով: Աչքերին տարածեք որեւէ այլ երանգ, իսկ թարթիչներն ընդգծեք սեւ երանգի աչքի մատիտով:

Շուրթերը պետք է ուրվագծել շուրթերի համար նախատեսված մատիտով: Ես նախընտրեցի կարմիրը :) Շրթներկը մի քանի տոնով ավելի բաց պետք է լինի, քան մատիտը, եթե, իհարկե, ցանկանում եք ընդգծել ձեր պատկերի շուրթերը: Մազերը եւս կարելի է ներկել ստվերաներկով:

Վերջին շտրիխներն արեք ստվերաներկի եւ վրձնի օգնությամբ, ազատվեք ավելորդ փոշուց, եւ գեղեցիկ նկարը պատրաստ է:

Հուսով եմ՝ հավանեցիք: Եթե այո, կիսվեք տպավորություններով, եւ ես այսուհետ ավելի հաճախ կկիսվեմ իմ նոր հոբիով :)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE