Վահե Ալեքսանյանը՝ «Կայարան»-ում այլեւս չնկարահանվելու, ֆիթնեսով տարվելու եւ ամառային հանգստի մասին

14:05   19 հուլիսի, 2017

Երաժշտական նախագծերից հայտնի երգիչ Վահե Ալեքսանյանին հեռուստադիտողը կարճ ժամանակով տեսավ «Կայարան» հեռուստասերիալում, սակայն այս շրջանում երգիչն այլեւս չի նկարահանվում հեռուստասերիալում, իսկ պատճառների մասին Վահեն պատմել է NEWS.am STYLE-ին: Երգչի հետ զրուցել ենք նաեւ իր նոր հոբբիի եւ ամառային հանգստի մասին.

««Կայարան»-ում հիմա չեմ նկարահանվում երկրից բացակայելու պատճառով, բայց ուրախ եմ, որ առաջին քայլերն արել եմ արդեն: Հուսով եմ՝ դեռ կհանդիպենք ֆիլմի շրջանակներում»,-նշեց Վահեն՝ հավելելով.

«Լավ առաջարկներ լինելու դեպքում՝ մեծ սիրով կնկարահանվեմ ե՛ւ ֆիլմերում, ե՛ւ սերիալներում»:

Երգչի Facebook-ի էջի հետեւորդները հավանաբար նկատել են, որ վերջին շրջանում Վահեն ակտիվորեն զբաղվում է սպորտով:

«Միշտ զբաղվել եմ սպորտով: Այժմ կենտրոնացած եմ fitness bodybuilding-ի վրա: Գեղեցիկ մարմին ունենալը կարեւոր է՝ անկախ նրանից արտիստ ես, թե ոչ»,-կարծում է երգիչը, որը երկրպագուների համար երաժշտական անակնկալներ էլ է պատրաստել:

«Ունեմ նոր երգ եւ տեսահոլովակ: Բառերի հեղինակն Ալեքս Միրզոյանն է, իսկ երաժշտությունը գրել եմ ես: Այն շուտով կհանձնենք հեռուստադիտողի դատին»:

Չշրջանցեցիցնք նաեւ շոգ ամռան եւ հանգստի թեման, ինչին երգիչը խորհրդավոր պատասխան տվեց.
«Անկախ եղանակից՝ պետք է օրդ բազմաժանր լինի, լի իրադարձություններով: Չէ՞ որ, կորցնելով լիարժեքության զգացումն ու զանազանությունը, սկսում ես ուղղակի գոյատեւել»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Վահե Ալեքսանյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE