Մասնագետի խորհուրդները. հարսնացուի փունջը եւ հարսանեկան ֆլորիստիկայի նորաձեւության միտումները

21:17   11 ապրիլի, 2013

Հարսանեկան նույնիսկ ամենահամեստ բյուջեով հարսնացուի ծաղկեփունջ նախատեսվում է: Եվ յուրաքանչյուրը, ով պատրաստվում է այդ տոնակատարությանը, անպայման նորապսակների համար գոնե մի փոքրիկ ծաղկեփունջ ձեռք կբերի: Դա ավանդույթ է, որ կախված չէ տարվա եղանակից եւ հարսի ու փեսայի տարիքից:

Հարսանեկան ծաղկեփունջը ոչ միայն հարսնացուի համար զարդն է, այլեւ չամուսնացած ընկերուհիներից ամենահաջողակի նվերը: Եվս մեկ ավանդույթ. փունջը բռնած աղջիկն առաջիկա տարում անպայման պետք է ամուսնանա:

Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի հարսնացուի ծաղկեփունջը: Այս հարցում NEWS.am STYLE-ին կօգնի միջոցառումների կազմակերպման Event Service ընկերության բազմամյա փորձառությամբ տնօրեն Սոֆյա Սարգսյանը:

«Հարսնացուի փունջի ընտրությունը կարեւոր եւ պատասխանատու գործ է: Գլխավորը, որ այն համապատասխանի մի քանի կարեւոր պահանջների:

Փնջի կառուցվածքը, ծաղիկները, որոնցով այն կազմվում է, գունային գամման. այս ամենը կախված են զգեստի ձեւից, ձեր մազերի, աչքերի գույնից, սանրվածքից եւ շատ այլ մանրուքներից: Փունջը պետք է ձեր կերպարի կատարյալ լրացումը լինի: Զգեստի կտրվածքն ու կտորը, որից այն կարված է, մեծ դեր են խաղում հարսանեկան փնջի ընտրության գործում:

Փունջ պատվիրելիս ֆլորիստին պատմեք ձեր հարսանեկան զգեստի մասին: Լավ կլինի ձեզ հետ վերցնեք զգեստի լուսանկարը, նաեւ կտոր նմուշ: Եթե փունջը կազմելիս հաշվի առնվի հարսանեկան զգեստի բոլոր նրբությունները, դուք հեքիաթային ներդաշնակության կհասնեք:

Հաշվի է առնվում նաեւ հարսնացուի տարիքը. երկար, մուգ կարմիր վարդերը կամ գեորգինները երիտասարդ աղջկա, կամ ռոմանտիկ երիցուկները՝ ծանրակշիռ հարսնացուի ձեռքին անհեթեթ տեսք կունենան:

Հարսանեկան արարողությունը դյուրին փորձություն չէ: Եվ ամբողջ օրվա ընթացքում պետք է ձեր «տեսքը տեղը լինի»: Նույնը վերաբերում է փնջին: Տհաճ կլինի, եթե ամենաանհարմար պահին այն քանդվի:  

Որքան էլ տարօրինակ թվա, բայց կարեւոր է նաեւ փնջի քաշը: Փարթամ եւ գեղեցիկ փունջը կարող է ձեզ հսկայական անհարմարություն պատճառել: Չէ՞ որ ծաղիկները, չնայած իրենց հեքիաթային գեղեցկությանը, կշիռ ունեն:

Նաեւ պետք է փեսացուից ճշտել՝ ինչպիսի բույրեր տանել չի կարողանում: Հակառակ դեպքում, ստիպված կլինեք հյուրերին երկար բացատրել, թե ինչու է ձեր կողքին հայտնվելիս նա շարունակ կնճռոտում քիթը: Ձեր ծաղկեփունջը, ինչպես նաեւ փեսացուն, ձեզ ուղեկցելու են հարսանիքի ամբողջ օրը: Եվ թող այդ երկար եւ երջանիկ օրը չմռայլվի անհարմարությամբ, որ ձեր ընտրյալին դուր չի գալիս հրաշալի հարսանեկան փնջի բույրը:

Ինչ վերաբերում է նորաձեւության միտումներին. վերջին ճիչը «գլամելիա» փունջն է՝ բնականության իսկական հակադրությունը: Անհրաժեշտ արդյունքի հասնելու համար մի քանի տեսակ ծաղիկները բաժանում են առանձին թերթիկների, իսկ հետո, հատուկ սոսնձի միջոցով, դրանցից մի հեքիաթային ծաղիկ հավաքում: Դրա համար օգտագործվում են վարդեր, թրաշուշաններ, շուշաններ եւ խոշոր թերթիկներով այլ ծաղիկներ:

Իհարկե, նման փունջը թանկ հաճույք է, եւ այդ «ծաղիկը» երկար չի դիմանա: Փոխարենը նման փունջ միայն դուք կունենաք: Եվ այն միայն ձեզ համար կպատրաստվի: Համաձայնեք, հարսանիքի օրը ցանկանում ես, որ ամեն ինչ յուրահատուկ լինի: Թող այդպես էլ լինի»:



© NEWS.am STYLE