Հայկական արմատներով թխամաշկ գեղեցկուհին. Andrenalin-ի ֆինալիստ Սոնա Նալբանդյանը՝ NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում

12:08   25 հուլիսի, 2017

Լոս Անջելեսում բնակվող 19-ամյա երգչուհի Սոնա Նալբանդյանին հայ հեռուստադիտողը բացահայտեց  երգիչ Անդրեի հեղինակային` Andrenalin նախագծից հետո, որտեղ Սոնան զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Երաժշտասերներին Սոնան գերեց ոչ միայն իր յուրահատուկ վոկալով, հայկական ժողովրդական եւ օպերային ժանրերի կատարումներով, այլեւ հայուհու համար արտասովոր արտաքինով:

Վերջերս Սոնան Հայաստանում էր` «Ոսկե ձայն» միջազգային մրցույթին մասնակցելու նպատակով: NEWS.am STYLE-ը ֆոտոշարք է իրականացրել թխամաշկ գեղեցկուհու հետ, իսկ նկարահանումներից հետո Սոնան պատասխանել է մեր հարցերին եւ պատմել յուրահատուկ արմատների մասին.

«Ես ծնվել եմ 1998 թ-ին՝ Վաշինգթոնում: Հայրս՝ Արամ Նալբանդյանը, Երեւանից է, մայրս՝ Սինտիան, ամերիկացի է, սեւամորթ. նա Գանայից է: Մորս կողմից ունեմ նաեւ գերմանական եւ իռլանդական արմատներ: Այժմ նա եւս կրում է Նալբանդյան ազգանունը: Հորս ընտանիքը Լոս Անջելես տեղափոխվել է 1990 թ-ին»,-պատմում է Սոնան:

Թեպետ իր կյանքի ընթացքում աղջիկը Երեւանում եղել է ընդամենը 3 անգամ, հայկական դաստիարակությունն այնքան ուժեղ է եղել նրա ընտանիքում, որ նա ոչ միայն սովորել է հայերենը, այլեւ շատ սահուն է տիրապետում լեզվին.

«Ես մեծացել եմ հայկական ընտանիքում եւ սովորել եմ հայկական դպրոցում: Մեր տանը բոլորը խոսում են հայերեն, բացի մայրիկիցս: Նա շատ լավ հասկանում է լեզուն, բայց չի խոսում»:

Մինչ Andrenalin մրցույթին մասնակցելը, Սոնան սովորում էր Քալիֆորնիայի արվեստների ինստիտուտում.

«Մինչ շոուին մասնակցելն էլ երգում էի, սովորում էի, առանձնապես այլ բաներով չէի զբաղվում: Իսկ շոուին որոշեցի մասնակցել ուսուցչուհուս՝ Անուշ Գալաստյանի խորհրդով: Նա տեղեկացրեց ինձ մրցույթի մասին, ես էլ նրան հարգելով որոշեցի փորձել ուժերս մրցույթում»:

Երգչուհուց հետաքրքրվեցինք նաեւ, թե Andrenalin-ի մասնակիցներից ում հետ է շարունակում մտերմությունը եւ ինչով է զբաղված շոուի ավարտից հետո.

«Ամենից հաճախ Շուշաննայի հետ եմ շփվում: Նախագծի ավարտից հետո շարունակում եմ ուսումս համալսարանում, իսկ Հայաստան եկել էի «Ոսկե Ձայն» մրցույթին մասնակցելու նպատակով: Ես ստացա երկրորդ մրցանակը եւ ինձ հրավիրեցին մասնակցելու Նյու Յորքում կայանալիք համերգին, որտեղ ես «Անուշ» օպերայից պիտի երգեմ»,-ասում է հայուհին, որը Հայաստանում հատկապես հավանել է Գորիսն ու Տաթեւի վանքը:

Սոնան խոստովանում է՝ հաճախ չի լինում Հայաստանում, բայց նաեւ հույս ունի, որ այսուհետ ավելի հաճախակի կայցելի հայրենիք:

Սյունե Առաքելյան

Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան

Հագուստը՝ Platon, Teress, ArmiMarti

Նկարահանումներն իրականացվել են Գաֆեսճեան քանդակների պարտեզում, Հյուսիսային պողոտայում եւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում



© NEWS.am STYLE