Օլյայի եւ Դիլանի համաշխարհային արկածները՝ մոտոցիկլետով. ամենաճամփորդասեր ամուսինները Հայաստանում են (ֆոտո)

15:35   25 հուլիսի, 2017

Իռլանդիայում բնակվող ամուսիններ Դիլանն ու Օլյան 2016 թ-ի հունիսի 14-ից սկսեցին իրենց համաշխարհային ճանապարհորդությունը: 26-ամյա Դիլանն ու 29-ամյա Օլյան նպատակ ունեն իրենց մոտոցիկլետով շրջել ամբողջ աշխարհով մեկ:

Այս պահին ամենաճամփորդասեր զույգը Հայաստանում է: Նրանք դեռեւս շատ վայրեր չեն հասցրել տեսնել այստեղ, սակայն իրենց ճամփորդությունների եւ Հայաստանից ստացած տպավորությունների մասին կիսվել են NEWS.am STYLE-ի հետ.

«Մոտ 5 տարի առաջ մենք որոշեցինք, որ ցանկանում ենք մի մեծ ճանապարհորդություն իրականացնել: Քանի որ շատ ենք սիրում մոտոցիկլետ վարել, մեզ համար երթեւեկության լավագույն միջոցը մոտոցիկլետով ճամփորդելն էր»,-ասում է ազգությամբ ռուս Օլյան, որն իր իռլանդացի ամուսնու հետ արդեն հասցրել է լինել 22 երկրներում:

Զույգը դժվարացավ նշել, թե որ երկիրն է իրենց հատկապես տպավորել, այնուամենայնիվ, առանձնացրեցին դրանցից 3-ը.

«Ռուսաստան, որովհետեւ մեծ երկրում միշտ ավելի շատ բան կա տեսնելու, Մոնղոլիա, քանի որ այնտեղ շատ արկածներ ենք ունեցել, եւ Թաիլանդը, որը չնայած մեծ չէ, բայց էլի զարմացրեց մեզ իր բազմազանությամբ»:

Արդյոք մոտոցիկլետը հարմար միջո՞ց է ճանապարհորդելու համար. հարցին ի պատասխան՝ Օլյան նշեց.

«Մենք շատ ենք սիրում մոտոցիկլետներ: Դա հնարավորություն է տալիս, որ ճանապարհ ընկնես այն ժամանակ, երբ ինքդ ես ցանկանում: Բացի այդ՝ մոտոցիկլետով ճանապարհորդնելը շատ էժան է»:

Իհարկե, չէինք կարող նաեւ չհետաքրքրվել, թե երբ են ժամանել մեր երկիր եւ ինչ տպավորություններ են ստացել Հայաստանից.

«Մենք 4 օր առաջ ենք եկել Հայաստան: Առայժմ միայն Երեւանն ենք տեսել ու պետք է նշենք, որ շատ գեղեցիկ է քաղաքը: Բայց, իհարկե, դեռ մի քանի օր ունենք եւ ճամփորդելու ենք Հայաստանով, որպեսզի մյուս վայրերն էլ տեսնենք: Այստեղ էինք Վարդավառի տոնակատարության ժամանակ: Այն հրաշալի տոն է»,-ասում է Օլյան՝ նկատելով նաեւ, որ այստեղ միակ տհաճ միջադեպը ճանապարհային ոստիկանության հետ են ունեցել՝ իրենց այցի երկրորդ օրը:

Զույգը Հայաստանում կլինի եւս մեկ շաբաթ, որից հետո նրանց ճամփորդությունը կշարունակվի աշխարհի այլ երկրներում.

«Առաջիկայում ծրագրում ենք լինել նաեւ Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ռումինիայում, Մոլդովայում…եւ շատ ու շատ երկրներում»,-եզրափակեց Դիլանը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Դիլանի եւ Օլյայի Instagram-ի էջից



© NEWS.am STYLE