«Դեռահաս աղջիկ է, որը սովորում է երեւակայական դպրոցում». Դալիթան՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում իր կերպարի մասին

12:26   27 հուլիսի, 2017

Աշնանը հայկական հեռուստաէկրաններին կհայտնվի նոր նախագիծ՝ «Նվագախմբի երեխաները», որտեղ հեռուստադիտողը կտեսնի մի շարք տաղանդավոր երեխաների, այդ թվում նաեւ երգչուհի Դալիթային, որը վերջերս վերադարձավ հայրենիք՝ ֆրանսիական Pierre Cardin-ի «Միսս Տիեզերք» գեղեցկության եւ նորաձեւության մրցույթում տարած հաղթանակով:

Գեղեցկուհին NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոսել է իր մասնակցությամբ նոր մանկապատանեկան երաժշտական ֆիլմի մասին.

«Նկարահանվելու առաջարկը ստացել եմ նախագծի կազմակերպիչներից: Բնականաբար, նկարագրությունը լսելուց հետո չէի կարող չոգեւորվել, քանի որ սյուժեն իսկապես շատ լավն էր: Մասնակցեցի քասթինգին եւ, ի ուրախություն ինձ, անցա այն, ու սկսվեց մի աննկարագրելի ու հետաքրքիր ընթացք իմ կյանքում»,-պատմում է երգչուհին՝ անդրադառնալով նաեւ իր հերոսուհու կերպարին.

«Հերոսուհիս դեռահաս աղջիկ է, որը սովորում է այդ երեւակայական դպրոցում: Մյուզիքլում նկարահանվել եմ մի շարք երաժշտական հատվածներում, որտեղ մյուս երեխաների պես երգում եմ երգեր, որոնք նոր են եւ հատուկ գրված են մեր հերոսների համար: Նախագծի հերոսները բոլորն էլ որոշակի գործունեություն ծավալած երեխաներ են: Ենթադրում եմ՝ երբ արդեն եթերում լինենք, շատերին հեռուստադիտողը կճանաչի»:
Երգչուհին, սակայն, չցանկացավ առայժմ  խոսել սյուժետային մանրամասներից.

«Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ հեռուստադիտողի հետաքրքրությունը չփչացնենք, եւ նրանք անհամբերությամբ սպասեն այդ ամենին»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է նկարահանումների եւ ուսման համատեղելիությանը՝ Դալիթան ասում է.

«Կազմակերպիչներն ամեն բան նկատի են ունեցել, եւ նկարահանումները կազմակերպել են արձակուրդի ընթացքում: Լինում են միջոցառումներ, որոնց մասնակցում եմ, բայց այդ ամենը հարմարեցնում եմ նկարահանող թիմի հետ: Ի դեպ, կազմակերպիչներն ասում են, որ եթերը նախատեսված է աշնանը՝ նոր եթերաշրջանի ժամանակ»,-եզրափակեց երգչուհին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE