17:03 28 հուլիսի, 2017«Հմայքի գաղտնիքներ» խորագրի շրջանակներում NEWS.am STYLE-ն այս անգամ զրուցել է ամերիկաբնակ երգչուհի Շպռոտի՝ Անի Թովմասյանի հետ, որը երկրպագուներին գրավում է ոչ միայն օրիգինալ երգացանկով եւ համարձակ կերպարով, այլեւ գեղեցիկ կառուցվածքով: Իսկ թե ինչպես է պահպանում կազմվածքը, երգչուհին պատմել է NEWS.am STYLE-ին:
«Առավոտյան սուրճ եմ խմում, բայց նախքան դա՝ սառը ջուր եմ խմում: Ժամը 11:00-ին նոր նախաճաշում եմ: Քիչ եմ ուտում՝ օրվա մեջ երկու անգամ: Հայաստանից հետս ավելուկ եմ բերել, տապակել եմ եւ սոխով պատրաստել: Միգուցե, ցերեկվա ժամին դա ուտեմ: Ռեստորանային համալիրում, որտեղ ես եմ աշխատում, շաբաթը 3 օր ընթրում ենք երեկոյան ժամը 22:00-ին: Սակայն, առհասարակ, ուշ ժամերին քիչ եմ ուտում: Երեկոյան սիրում եմ թեյ խմել»,-ասում է երգչուհին՝ հավելելով, որ հատուկ սննդակարգի չի հետեւում.

«Դիետա չեմ պահում: Մեկ-մեկ նույնիսկ մոռանում եմ հաց ուտել: Երբ Երեւանում էի, մայրիկս համեղ ուտեստներ էր պատրաստում եւ հիշեցնում ինձ, որ քաղցած եմ:) Իսկ ես ամենաէժան թել-պանիրն էի ուտում՝ ուրցով թեյի հետ»:
Շպռոտից հետաքրքրվեցինք, թե որ ուտեստներն է բացառում իր սննդակարգից.
.jpg)
«Ոչխարի միս կամ ոչխարի պանիր բացարձակ չեմ ուտում, այծի միս եւ մածուն՝ եւս»:
Երգչուհին հաճախ նաեւ վարժություններ է կատարում.
«Մարզասրահ հաճախում եմ, բայց ոչ միշտ: Ինչ վերաբերում է քնիս, սովորաբար, կեսգիշերին եմ քնում, բայց եթե աշխատանքի եմ լինում, քնում եմ 2:30-ին»:

Շպռոտը կարծում է՝ կնոջ գեղեցկությունը խնամված լինելուց է կախված.
«Ուղղակի պիտի լինես խնամված, նույնիսկ եթե պեդիկյուրի համար գումար չունես, ինքդ կարող ես դա անել: Միակ խորհուրդս կանանց եւ աղջիկներին այն է, որ սիրեն իրենք իրենց, բացի ֆիզիկական խնամքից՝ նաեւ հոգեւոր խնամքին հետեւեն, չտխրեն տղամարդկանց պատճառով եւ կենտրոնանան իրենց վրա»:
Սյունե Առաքեյան
Լուսանկարները՝ Շպռոտի Facebook-ի էջից