12:08 29 հուլիսի, 2017Սերիալներից եւ թատրոնից հայտնի դերասանուհի Ելենա Բորիսենկոն հուլիսի 27-ին նշում էր ծննդյան տարեդարձը: Դերաանուհին դարձավ 44 տարեկան: Միշտ երիտասարդ եւ հմայիչ Ելենան չի խուսափում իր տարիքը նշելուց: Ընդհակառակը՝ ասում է, որ շատ երջանիկ է եւ սիրում է իր տարիքը, հատկապես, երբ իրեն մինչ օրս ամենատարբեր տարիքի մարդիկ՝ նույնիսկ փոքրիկները՝ Լենոչկա են անվանում:
Ելենան ծննդյան տարեդարձը տոնել է մտերիմ եւ հարազատ մարդկանց շրջապատում, իսկ անակնկալների եւ տարբեր տարիների ծննդյան խնջույքների հուշերի մասին պատմել է NEWS.am STYLE-ին.
«Փոքր ժամանակ ծննդյանս օրերը երբեք քաղաքում չեմ նշել: Այդ ժամանակվանից ինձ երես են տվել, որ ծննդյանս օրերն ինձ համար տոն պետք է դարձնեն: Փոքր տարիքում ծնողներս էին ինձ պարգեւում այդ տոնը՝ ծննդյանս խնջույքը քաղաքից դուրս որեւէ ռեստորանում նշելով, եւ պարտադիր այնպես էին անում, որ այն տարբերվեր ինչ-որ բանով, արտասովոր լիներ»,-հիշում է Ելենան:

«Ավելի հասուն տարիքում արդեն մեծ ելակի տորթով առավոտյան գնում էի թատրոն, որտեղ ինձ սպասում էին մեր թատրոնի բնակիչները՝ ռեժիսոր Խաչիկ Չաղիկյանը, Սերգեյ Դանիելյանը, Արթուր Մանուկյանն ու շատ ուրիշ դերասաններ...Ու այդպես մինչեւ երեկոյան ժամը 19:00-ն անցկացնում էի թատրոնում, իսկ հետո արդեն տանն էի նշում՝ բարեկամներիս շրջապատում: Երբ մտնում էի տուն, ինձ բարձր ծափահարություններով եւ երգերով էին դիմավորում: Միշտ անմոռանալի ծննդյան օրեր եմ ունեցել»,-պատմում է դերասանուհին՝ շարունակելով մտաբերել իր կյանքի կարեւորագույն օրվա առանձնահատկությունները՝ կյանքի տարբեր փուլերում.

«Դե, հետո ամուսնացա, ճիշտ է՝ բաժանվեցի, բայց այն տղամարդիկ, որոնք հետո եղել են իմ կողքին, փորձել են ինձ համար այդ օրը տոն դարձնել…»,-ասում է Ելենան՝ հավելելով, որ վերջին շրջանում նոր կերպ է տոնում տարեդարձը.
«Ինձ մոտ վերջին շրջանում ավանդույթ է դարձել՝ ծննդյանս տարեդարձը նշել կեսգիշերից սկսած: Մտածում եմ՝ կապ չունի, որ ես առավոտյան եմ լույս աշխարհ եկել, հուլիսի 27-ն ամբողջությամբ պետք է լինի իմ օրը: Այդպես վերաբերվում եմ նաեւ ընկերներիս տարեդարձներին: Այդ օրը պետք է վայելել սկզբից մինչեւ վերջ, որովհետեւ, երբ դու ծնվում ես, առաջնահերթ երջանկություն ես պարգեւում քո ծնողներին:
Այս տարի իսկական անակնկալ մատուցեց մտերիմ ընկերուհիս՝ Աննա Թադեւոսյանը, որին քույր եմ համարում: Մտածում էի՝ կգնանք ժամանցային վայրերից մեկում կնշենք, կլինենք ես, Աննան եւ Աննայի քույրը, բայց արդյունքում Աննան հավաքել էր ինձ համար թանկ ու հարազատ մարդկանց: Աննան իմ կյանքում իսկապես շատ թանկ ու մտերիմ մարդ է, նա իմ քույրն է, որը շատ լավ գիտեր, թե ում պետք է հավաքեր մեկտեղ: Այնպես որ՝ այս տարի ծննդյանս տարեդարձն անցկացրել եմ ամենահարազատ ու կարեւոր մարդկանց կողքին»:

Դե, իհարկե, դերասանուհին ողջ օրվա ընթացքում բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել.
«Շատ շնորհավորանքներ ու զանգեր եմ ստացել տարբեր երկրներից: Գրեթե բոլոր համադասարանցիներս զանգահարել են եւ շնորավորել: Այն բոլոր ռեժիսորները, օպերատորները, տեխնիկական աշխատակիցները, որոնց հետ երբեւէ աշխատել եմ, չէին մոռացել շնորհավորել ինձ, ինչն ինձ համար շատ հուզիչ էր: Ամենից քիչ ինձ այս տարի դերասաններն են շնորհավորել (ծիծաղում է): Ի դեպ, դա նեղանալով չեմ ասում: Եթե մտերիմներիցս մեկն ինձ չի հասցրել շնորհավորել, ես գիտեմ, որ հոգու խորքում նա դա արել է: Ինձ պետք չէ, որ ինձ հատուկ զանգահարեն եւ շնորհավորեն, որովհետեւ երբ ինչ-որ մեկին սրտանց ուզում ես շնորհավորել, պարտադիր չէ, որ նվերով գնաս նրա մոտ, դու դա կարող ես անել սրտանց՝ անգամ առանց տվյալ մարդու ներկայության»,-իրեն բնորոշ անկեղծությամբ նշում է Ելենան:
Դերասանուհու խոսքով՝ այս տարվա ծննդյան խնջույքն առանձնահատուկ է եղել իր համար.

«Առհասարակ, ես խուսափում եմ ընտանեկան քեֆ-ուրախությունից, բայց այս տարի շատ էի ցանկանում, որ բոլորը հավաքվեին մեր տանը: Ինչից որ ես միշտ խուսափում էի, այս տարի ինձ համար շատ կարեւոր էր, քանի որ որքան մեծանում ես, հասկանում ես, որ հարազատները քո կյանքի ամենակարեւոր մարդիկ են, որոնք միշտ փորձում են քեզ ուրախացնել: Այդ օրը ես անսահման երջանիկ էի»:
Սյունե Առաքելյան