Զգուշացեք` մոտոցիկլետին շիկահեր է. մոդել Աննա Դեմիրխանյանը՝ NEWS.am STYLE-ի էքստրեմալ ֆոտոշարքում

12:08   2 օգոստոսի, 2017

NEWS.am STYLE-ի նոր՝ էքստրեմալ ֆոտոմատմության հերոսուհին մոդել, «Վիցե միսիս Եվրոպա 2016» տիտղոսակիր եւ մրցույթի Հայաստանի ազգային տնօրեն Աննա Դեմիրխանյանն է: Վերջերս շիկահեր դարձած մոդելը ոչ միայն լուսանկարվեց մոտոցիկլետի հետ, այլեւ համարձակություն հավաքեց եւ առաջին անգամ երթեւեկեց դրանով: Իսկ տպավորությունների մասին Աննան պատմեց NEWS.am STYLE-ին:

«Ես երբեք էքստրիմի սիրահար չեմ եղել, բայց այդ արագությունն ինձ դուր եկավ, այնպիսի զգացողություն էր, ասես, քամու գրկում հայտնված լինեի: Չեմ կարող փոխանցել զգացողություններս: Հիմա անընդհատ ուզում եմ մոտոցիկլետ նստել»,-ասում է գեղեցկուհին՝ հավելելով.

«Առհասարակ, համարձակ քայլեր ինձ քիչ եմ թույլ տալիս, իսկ խենթություններ երբեմն անում եմ: Եթե խենթ քայլերս թվարկեմ, երեւի ինձ Նորքի հոգեբուժարան կտեղափոխեն»,-կատակում է նա:

Միշտ սեւահերի կերպարում հանդես եկած Աննան վերջերս դիմել է կտրուկ ոճափոխության՝ վերածվելով շիկահերի, իսկ մեր ֆոտոշարքից առաջ նաեւ կտրել է երկար վարսերը.

«Ոճային փոփոխություններ իրականացնել շատ եմ սիրում, բայց երկար ժամանակ է պահանջվում, որ համարձակությունս հավաքեմ ու որոշածս փոփոխությունն իրականացնեմ»,-ասում է նա՝ չհամաձայնելով այն մտքին, թե արտաքին կերպարանափոխությունը փոխում է նաեւ մարդու ներքին աշխարհը.

«Գիտե՞ս, նայում եմ հայելու մեջ ու նոր կին եմ տեսնում՝ լրիվ անծանոթ ու անսովոր արտաքին: Իսկ կոնկրետ ներսումս բան չի փոխվել: Ինձ ուրախացնում է նոր տեսք ունենալը»:

«Միսիս Եվրոպա 2017» մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավարը կանանց խորհուրդ է տալիս չվհատվել դժվարություններից եւ երբեք չկոտրվել.

«Երբեք մի հուսահատվեք, մի հանձնվեք… Բոլոր դժվարությունները հաղթահարելի են: Ամեն ինչ ձեր ձեռքերում է՝ պայքարեք, հավատացեք եւ ժպտացեք: Բոլորի հետ լինում են դժվար պահեր, բայց միայն ինքներս կարող ենք գոտեպնդել մեզ՝ ոգեշնչվելով տարբեր բաներից: Օրինակ՝ ես դժվար պահերին նայում եմ իմ կյանքի լավագույն օրերի լուսանկարները: Դա ջերմացնում է հոգիս»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Դիմահարդարումը՝ GI Kay Studio-ի

Վարսահարդարումը՝ Նաիրա Կիրակոսյանի



© NEWS.am STYLE