Exclusive. «Չորս շաբաթ դեռ պետք է բուժվեմ». Հայկ Կասպարովն իր վնասվածքի եւ նոր աշխատանքի մասին

14:25   2 օգոստոսի, 2017

Գերմանաբնակ երգիչ Հայկ Կասպարովն ամռան ընթացքում հասցրել է նորություններ կուտակել Հայաստանում իրեն կարոտած երկրպագուների համար: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգիչը խոսել է իր աշխատանքների, նոր նախասիրության ու Հայաստան վերադառնալու ցանկության մասին: Հայկը նաեւ մեզ է տրամադրել առաջին կադրերն իր նոր տեսահոլովակի նկարահանման ընթացքից:

«Շատ նոր երգեր ու տեսահոլովակներ կան: Սպասում եմ վերջնական տեսքն ունենան, որպեսզի ներկայացնեմ հանդիսատեսին: Դեռ չգիտեմ՝ CD կլինի, թե ոչ, բայց արդեն պատրաստի 13 երգ ունեմ: Թվով 3-րդ տեսահոլովակն օրերս նկարահանեցինք՝ բոլորն էլ նոր երգերի հիման վրա: Դեռ որոշված չեն պրեմիերաների օրերը»,-նշեց երգիչը, որը վերջերս նոր հոբբի է ձեռք բերել.

«Իմ հետաքրքրությունների շարքն ավելացել է եւս մեկով՝ նորից վերադարձել եմ ֆուտբոլ: Արդեն հասցրել եմ վնասվածք ստանալ եւ հիմա եւս 4 շաբաթ պետք է շարունակվի բուժումս»:

Հայկն ասում է ՝ ամառվա ընթացքում ավելի շատ աշխատել է, բայց կարճ հանգիստ հասցրել է ունենալ.

«Գրեթե ամեն ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին շրջում եմ Եվրոպայի տարբեր քաղաքներով»:

Իսկ Հայաստան այցելելու ծրագրեր կա՞ն՝ հետաքրքրվեցինք մենք.

«Հայաստան այցելելու մտադրություն միշտ էլ կա, նույնիսկ՝ ընդմիշտ: Շատ եմ կարոտում ընտանիքիս անդամներին: Գուցե շատ կարճ ժամանակ անց լինեմ Հայաստանում, եւ, ո՞վ գիտի, միգուցե ընդմիշտ վերադառնամ»,-ասաց նա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE