Ալեքսիս Օհանյանը Ջիմի Քիմելի շոուի ժամանակ պատմել է Սերենա Ուիլյամսի հետ ծանոթության եւ նրա հղիության մասին

13:11   2 օգոստոսի, 2017

Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Ջիմի Քիմելի հայտնի շոուի հյուրն է եղել, որտեղ խոսել է Սերենա Ուիլյամսի հղիության մասին: Հաղորդավարն Ալեքսիսի հետ խոսել է նաեւ Vanity Fair-ի համար Սերենայի վերջին ֆոտոսեսիայի մասին:

Օհանյանը հայտարարել է, որ չգիտի երեխայի սեռի մասին, բայց զգում է, որ աղջիկ է:
«Ես ներկա եմ եղել ֆոտոսեսիային: Ամեն ինչ հրաշալի էր, լուսանկարիչները հասկանում էին, որ թենիսի համաշխարհային լեգենդի են նկարում, եւ հետո նրանք լուսանկարեցին Սերենային ու ինձ: Կարծում էի՝ միասին կհայտնվեք պարբերականի շապիկին, բայց նրանք իմ լուսանկարները վերջին էջերում են տեղադրել»,- հեգնանքով ասել է Ալեքսիսը, ինչին հետեւել է Ջիմիի հաջորդ հարցը.


«Դուք հասկանում եք, որ Սերենան սպորտի, թենիսի լեգենդ է, գուցե ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ ամբողջ աշխարհի: Նա քայլող պատմություն է: Ինչպե՞ս եւ ինչո՞ւ նա ձեզ ընտրեց»:


«Օյ... Մինչ Սերենային հանդիպելը ես չէի հետաքրքրվում թենիսով, ընդհանրապես: Երբ տանը հեռուստացույցի ալիքներն էի փոխում, ֆուտբոլ էի դիտում, իսկ եթե թենիս էր լինում, անմիջապես անջատում էի: Երբ ծանոթացա Սերենայի հետ, նա ասաց, որ ինձ թենիսի դասեր կտա: Ես ձախողեցի, քանի որ երբեք չեմ խաղացել: Այդ պատճառով էլ մենք մտերմացանք...»:


«Այդ պատճառով դուք մտերմացաք, փառք Աստծո, եւ դա նրա հղիությամբ ավարտվեց»,- Ալեքսիսի խոսքն ավարտել է Ջիմին:



© NEWS.am STYLE