Էմբեր Հերդն ու Իլոն Մասկը բաժանվել են

15:06   7 օգոստոսի, 2017

Էմբեր Հերդը չէր հասցրել ամուսնալուծվել Ջոնի Դեփի հետ, երբ միանգամից հայտնվեց 46-ամյա միլիարդատեր Իլոն Մասկի գրկում։

ETOnline-ը գրում է, որ զույգը բաժանվելու պատճառները չի հայտնել։ 31-ամյա դերասանուհու, ինչպես նաեւ գործարարի ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանություններ տալուց։ Էմբերն Ավստրալիա է մեկնել, իսկ Մասկը մնացել է ԱՄՆ-ում։

Աղբյուրների համաձայն՝ Իլոնն ու Էմբերը բաժանվել են մեկ շաբաթ առաջ։

«Իլոնի եւ Էմբերի միջեւ ամեն ինչ ավարտված է, եւ նա դատարկ է իրեն զգում։ Դա Իլոնի որոշումն էր։ Նրանք բաժանվել են դեռ մեկ շաբաթ առաջ։ Նա որոշ բաների մասին է իմացել, որոնց կտրականապես դեմ է»,- ասել է աղբյուրը։

Նշենք, որ սիրավեպի մասին աստղերն իրենք են պաշտոնապես հայտարարել՝ ապրիլին սոցկայքերի իրենց օգտահաշիվներում համատեղ լուսանկարներ հրապարակելով։ Խոսք էր գնում նույնիսկ հարսանիքի մասին, սակայն, ըստ երեւույթին, ինչպես Շուրիկն էր ասում՝ «Հարսանիք չի լինի»։



© NEWS.am STYLE