«Пусть говорят» շոուից Անդրեյ Մալախովի հեռանալու մանրամասները. հաղորդավարն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

11:05   8 օգոստոսի, 2017

Արդեն մեկ շաբաթ է՝ ռուսական մամուլն անդադար գրում է ռուսական Առաջին ալիքի «Пусть говорят» շոուից Անդրեյ Մալախովի հեռանալու մասին, չնայած պաշտոնապես այս տեղեկությունը դեռեւս չեն մեկնաբանել ո՛չ Մալախովը, ո՛չ Առաջին ալիքի ղեկավարությունը:

Ներկայում որպես Առաջին ալիքից (որտեղ աշխատել է 25 տարի) Մալախովի հեռանալու պատճառ նշվում է ապագա երեխայի խնամքի առիթով արձակուրդը. 45-ամյա հաղորդավարի կինը հղի է:

Աղբյուրների համաձայն՝ հենց կնոջ հղիության պատճառով է Անդրեյը հեռանում հեռուստաալիքից:

Առաջին ալիքի պրոդյուսեր Նատալյա Նիկոնովան, իբր, Մալախովին ընտրության առջեւ է կանգնեցրել. կա՛մ նա աշխատում է հեռուստաալիքում, կա՛մ դայակ է դառնում: Լրագրողը նախընտրել է ժամանակ հատկացնել ընտանիքին եւ արձակուրդ գնալ:

ՌԻԱ Նովոստին էլ հաղորդում է, որ Անդրեյ Մալախովն աշխատանքից ազատվելու դիմում է գրել: «Մալախովը դիմում է գրել, սակայն առայժմ հայտնի չէ, այն ստորագրել են, թե՞ ոչ»,- նշել է գործակալության աղբյուրը:



© NEWS.am STYLE