Հայտնի են ռուսական Առաջին ալիքից մեկ այլ աստղային հաղորդավարի հեռանալու պատճառները

14:05   9 օգոստոսի, 2017

Ռուսական ամենահեղինակավոր հեռուստաալիքից կադրերի արտահոսքը շարունակվում է: Անդրեյ Մալախովից հետո Առաջին ալիքից հեռացել է «Пусть говорят» շոուի ամբողջ խմբագրակազմը:

Այնուհետեւ տեղեկություն տարածվեց այն մասին, որ ալիքից հեռանում է նաեւ հայտնի հաղորդավար Ալեքսանդր Օլեշկոն, որը վարում էր «Минута славы» եւ «Точь-в-точь» շոուները:

Պարզվում է՝ Օլեշկոն Առաջին ալիքում չի աշխատում արդեն մի քանի ամիս, բայց այդ մասին միայն հիմա է հայտնի դարձել: Հեռուստաալիքը չի երկարաձգել նրա հետ պայմանագիրը:

«Ալեքսանդր Օլեշկոն Առաջին ալիքում չի աշխատում արդեն շուրջ կես տարի: Քանի որ հաղորդավարին հարմար նախագծեր չկային, որոշվեց բաժանվել նրանից: 2017 թվականի համար նրա պայմանագիրը չի երկարացվել»,- Առաջին ալիքի մամուլի ծառայության ներկայացուցիչն է վկայակոչել ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Օլեշկոն հեռանում է Առաջին ալիքից եւ աշխատելու է НТВ-ում:



© NEWS.am STYLE