«Անհամբերությամբ սպասում եմ այն լավ տարիներին, որոնք դեռ կլինեն առջեւում…». Ուիթնի Հյուսթոնն այսօր կդառնար 54 տարեկան (ֆոտո/վիդեո)

13:31   9 օգոստոսի, 2017

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ծնվել է երաժշտական աշխարհի ամենահզոր ձայներից մեկը՝ Ուիթնի Հյութոնը: Ամերիկացի աստղը կդառնար 54 տարեկան:

Ուիթնիին աստղային կյանքը ժպտաց «Թիկնապահը» ֆիլմի էկրաններ բարձրանալու հենց առաջին վայրկյանից: Ֆիլմում նա մարմնավորում էր համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհու, իսկ նրա թիկնապահի դերում հանդես է եկել սեքսուալ ու հմայիչ Քեւին Քոսթները: Այդ ֆիլմից հետո աշխարհը ոչ միայն Հյուսթոնին ճանաչեց, այլ նրա հայտնի՝ I Will Always Love You երգը, որը մինչ օրս համաշխարհային ամենասիրված հիթերի ցանկում է: Այն երաժշտական պատմության մեջ հայտնի է՝ որպես «սիրո հիմն»:

Տաղանդաշատ երգչուհին ավելի քան 400 մրցանակների է արժանացել, այդ թվում՝ 7 «Գրեմմի»-ի:

Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012 թ-ի փետրվարի 11-ին: Երգչուհու մարմինը հայտնաբերել են Beverly Hilton հյուրանոցի համարում: Ոստիկանական հետախուզությունը ցույց է  տվել, որ երգչուհու մահվան պատճառ որեւէ բռնություն չի դարձել. Նրա սիրտը կանգ է առել կոկաինի եւ հանգստացնող դեղերի չարաշահման պատճառով:

Երգչուհու մահից ավելի ուշ՝ 2015 թ-ին, նրա միակ դուստրը՝ Բոբի Կրիստինան, եւս մահացավ՝ գլխի վնասվածքի պատճառով: Սիրեցյալը՝ Նիկ Գորդոնը, նրան գտել էր լոգարանում՝ անգիտակից վիճակում, որից հետո աղջիկը երկար ժամանակ հիվանդանոցից հիվանդանոց էր տեղափոխվում: Սակայն բժիշկներին, ցավոք, չհաջողվեց փրկել երիտասարդ աղջկա կյանքը: Ոստիկանության վարկածով՝ մահվան պատճառ դարձել էր դժբախտ պատահարը:

Ուիթնիի մեջբերումներից շատերն ընթերցելով զգում ես, թե որքան շատ էր երգչուհին սիրում կյանքը, ու եւս մեկ անգամ ափսոսում, որ նա այդքան անժամանակ հեռացավ:

Նրա մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

«Ես վերջապես հասկացա, որ ոչ մի հանցանք չկա նրանում, որ դու ընկերներ չունես: Քիչ ընկերներ ունենալ՝ նշանակում է ունենալ քիչ հոգս»:

«Ես որոշել եմ՝ երբեք չպետք է լինել որեւէ մեկի ստվերի ներքո: Ցանկացած հաջողություն եւ ձախողում պետք  ինքներս մեզ վերագրենք»:

«Ինձ դուր է գալիս կին լինելը՝ անգամ այս տղամարդկանց աշխարհում: Տղամարդիկ չեն կարող զգեստ հագնել, իսկ մենք կարող ենք տաբատ հագնել»:

«Ես մեծ եմ ու ավելի հասուն: Անհամբերությամբ սպասում եմ այն լավ տարիներին, որոնք դեռ կլինեն առջեւում…»:

«Ես կամ ինքս իմ լավագույն ընկերն եմ, կամ էլ՝ ամենավտանգավոր թշնամին»:

«Հենց սկզբից տեսախցիկն ու ես դարձանք լավագույն ընկերներ: Նա ինձ սիրեց, ես էլ՝ նրան»:

«Իմ կյանքի մեծագույն ոգեշնչումը դուստրս է»:

«Կյանքի ընթացքում ի հայտ է գալիս մենությունը»:

«Ես այնպիսի մարդ եմ, որն ունի կյանք եւ ցանկանում է ապրել»:

«Երբ ես ցանկացա դառնալ երգչուհի, մայրս զգուշացրեց, որ այդ մասնագիտության դեպքում ես դատապարտված եմ մենակ մնալ: Դե, մենք բոլորս էլ մենակ ենք»:



© NEWS.am STYLE