Նշաններ, որ ձեր հարաբերությունները քայքայվում են

20:16   25 սեպտեմբերի, 2017

Հարաբերություններ, որոնք քայքայում են ձեզ

Նման հարաբերությունները տրավմատիկ են եւ բուժման կարիք ունեն, իսկ հաճախ՝ նույնիսկ ավարտի:

Հարաբերություններ, որոնցում ձեզ մշտապես վերահսկում են, որոնք հիմնված են խանդի, անվստահության, կորստի վախի վրա

Եթե զուգընկերը մշտապես ստուգում է ձեր հեռախոսը, փոստը, սոցցանցերում էջերը, կոտրում է գաղտնաբառերը եւ այլն, սպառնում ինչ-որ բան անել ձեզ կամ իր հետ, նորմալ չէ եւ քայքայում է ձեզ:

Հարաբերություններ, որոնցում մշտապես վերահսկում եք ձեր զուգընկերոջը, խանդում եք, չեք վստահում, վախենում եք կորցնել

Սրան կարելի է ավելացնել նաեւ մենակ, ինքներդ ձեզ հետ մնալու ձեր անկարողությունը: Եթե հարաբերություններն օգտագործում եք ձեր ներսում առաջացած դատարկությունը լռեցնելու համար, նշանակում է՝ ինքներդ ձեզ հասկանալու ժամանակն է:

Հարաբերություններ, որոնցում միայն դուք եք նախաձեռնություն ցուցաբերում

Զանգահարում եք, հաղորդագրություններ գրում, հանդիպում առաջարկում, իսկ ձեր զուգընկերը միայն համաձայնում է (կամ չի համաձայնում, եւ դուք խուճապի եք մատնվում): Նման հարաբերությունները դժվար է առողջ որակել:

Հարաբերություններ, որոնցում ձեզ նվաստացնում են

Սրանում կարելի է ներառել վիրավորանքը, զուգընկերոջ կողմից իր առավելությունները ցուցադրելու ունակությունը, ձեր թերությունների ընդգծումը, ինչպես նաեւ ֆիզիկական բռնությունը: Հարկավոր է արագորեն դադարեցնել նման հարաբերությունները եւ հասկանալ, թե ինչու եք դրանց մեջ հայտնվել:

Հարաբերություններ, որոնցում նվաստացնում եք ձեր զուգընկերոջը

Եթե չեք կարողանում զսպել ձեզ եւ վիրավորում եք ձեր զուգընկերոջը, մատնանշում եք նրա թերությունները եւ այլն, ուրեմն պետք է դադար վերցնեք եւ հասկանաք, թե ինչու  եք այդպես անում: Իսկ եթե ձեր զուգընկերն այնքան զզվելի է, որ արժանի է նման վերաբերմունքի, ինչո՞ւ եք մինչեւ հիմա նրա հետ:

Հարաբերություններ, որոնցում դուք անընդհատ ինչ-որ բան եք ապացուցում, իսկ զուգընկերն անդադար «կասկածում» է

Հատկապես, երբ խոսքը ձեր զգացմունքների եւ միասին լինելու ձեր պատրաստակամության մասին է: Եթե ձեր զուգընկերը հերթական անգամ ասում է՝ «Մի խաբիր ինձ եւ քեզ, դու չես սիրում ինձ», իսկ դուք արտասվում եք ու ինչ-որ բացատրում, ամենայն հավանականությամբ, ձեզ մղում են դրան՝ իրենց հիվանդ էգոն բավարարելու համար:

Հարաբերություններ, որոնցում ինքներդ էլ չգիտեք՝ ինչպես եւ ինչու եք հայտնվել

Եթե ձեր զուգընկերը հարաբերություններում առաջատար է, մշտապես նախաձեռնություն է ցուցաբերում, իսկ դուք պարզապես անում եք այն, ինչ նա ուզում է, միանգամայն հնարավոր է, որ դուք կապ չունեք ձեր զգացմունքների եւ ցանկությունների հետ: Հարկավոր է դադար առնել եւ հասկանալ ինքներդ ձեզ:

Հարաբերություններ, երբ դուք մշտապես ինչ-որ բան եք «խնդրում»

Սեր, ուշադրություն, հոգատարություն կամ նույնիսկ ձեր հանդեպ լավ վերաբերմունք: Եթե ստիպված եք ապացուցել, որ արժանի եք այդ ամենին, ամենայն հավանականությամբ, չափազանց ցածր ինքնագնահատական ունեք, եւ պետք է զբաղվեք այդ հարցով:

 

Աղբյուրը՝ Klubber.ua



© NEWS.am STYLE