«Կարգին սերիալ»-ից հայտնի դերասանուհի եւ մոդել Աննա Բաբայանը՝ գեղեցիկ կառուցվածք ունենալու գաղտնիքների մասին

13:25   11 օգոստոսի, 2017

«Հմայքի գաղտնիքներ» խորագրի շրջանակներում NEWS.am STYLE-ն այս անգամ զրուցել է Բարսելոնայում բնակվող մոդել եւ դիմահարդար Աննա Բաբայանի հետ, որին հայ հեռուստադիտողը նաեւ ճանաչում է «Կարգին սերիալ» սիթքոմից: Աննան մեզ հետ զրույցում բացահայտեց իր գեղեցիկ կառուցվածքի գաղտնիքներն ու խոսեց դիետաների մասին:

«Առավոտյան մինչ նախաճաշելը 2 մեծ բաժակով ջուր եմ խմում՝ կիտրոնի կաթիլներով եւ սենյակային ջերմաստիճանի, հետո նոր նախաճաշում եմ: Սնվելուց առաջ միշտ պահում եմ որոշակի հերթականություն. սկզբում միրգ եմ ուտում, հետո հիմնական ուտեստը, որից հետո նոր որեւէ քաղցր բան: Ընդհանրապես ամեն ինչ ուտում եմ, սակայն ինչպես արդեն նշեցի՝ հերթականությունը պահում եմ: Աշխատում եմ քնելուց գոնե 4 ժամ առաջ ոչինչ չուտել»,-նշեց գեղեցկուհին՝ հավելելով, որ դիետաներ չի պահում.

 «Դրանք անօգուտ եմ համարում: Ուղղակի քնելուց առաջ աշխատում եմ ոչինչ չուտել ու առհասարակ շատ շարժվել: Հիմա իմ քնելու ժամը կախված է աղջկաս քնի ժամից, հիմնականում գիշերը ժամը 1-ին եմ քնում»:

Այնուամենայնիվ, մոդելն իր սննդակարգից որոշ բաղադրիչներ պակասեցրել է.

«Ընդհանրապես չեմ օգտագործում սպիտակ շաքարավազ, շատ քիչ քանակությամբ աղ եմ օգտագործում: Առհասարակ չեմ խմում քաղցր գազավորված ըմպելիքներ»:

Աննան նաեւ մեծ կարեւորություն է տալիս սպորտով զբաղվելուն.

 «Սպորտով զբաղվում եմ այնքանով, ինչքանով թույլ է տալիս ժամանակս: Ամեն օր մեկ ու կես ժամ արագ քայլում եմ: Բալիկիս ծնունդից հետո մի քանի ամիս ջրային վարժությունների եմ հաճախել»:

Իսկ վերջում մոդելն իր խորհուրդներով կիսվեց հայ կանանց եւ աղջիկների հետ. «Կարծում եմ՝ ցանկացած կին գեղեցիկ է՝ անկախ իր քաշից: Ինձ համար գեղեցիկը բարության եւ ներդաշնակության մեջ է: Մեր կանայք շատ գեղեցիկ են, խնամված, ուժեղ եւ իրենց ընտանիքներին նվիրված: Կուզեմ, որ երբեք չփոխվեն»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Աննա Բաբայանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE