Կինը ռեփերներ Դրեյքին եւ Future-ին մեղադրում է բռնաբարության մեջ եւ 25 մլն դոլար պահանջում

14:09   12 օգոստոսի, 2017

Ոմն Ջեյն Դոյ (անունը փոխված է) ռեփերներ Դրեյքին եւ Future-ին մեղադրել է բռնաբարության մեջ: Ընդ որում՝ խոսքը ոչ թե հենց երաժիշտների, այլ նրանց շրջապատից ինչ-որ մեկի մասին է: Ըստ TMZ-ի՝ կինը պնդում է, որ իրեն բռնաբարել են ռեփերների համերգի ժամանակ:

Նրա խոսքով՝ նա երաժիշտների թիմից ինչ-որ մեկն է եղել: Դեպքը տեղի է ունեցել Նեշվիլի Bridgestone Arena-ում համերգի ժամանակ:

«Ինչ-որ մեկը բեյջով մոտեցավ ինձ ու ասաց, որ կծանոթացնի Դրեյքի եւ Future-ի հետ, եթե իր հետ հետնաբեմ գնամ»,- հայտարարել է Ջեյնը՝ հավելելով, որ հետեւել է տղամարդուն, որը բռնաբարել է իրեն:

Կինը հետեւել է տղամարդուն եւ պարզել, որ նա ոմն Լեւի Ջոնսոնն է: Երիտասարդին ձերբակալել են եւ բռնաբարության մեղադրանք առաջադրել: Սակայն Ջեյնը չի հանգստացել եւ դատական հայց է ներկայացրել նաեւ ռեփերների դեմ՝ պնդելով, որ նրանք պետք է տեղյակ լինեին, թե ով է աշխատում իրենց թիմում եւ պատասխանատու են նրա համար:

Ջեյնը 25 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում:



© NEWS.am STYLE