«Հուսով եմ` բամբասանքները մինիմալ կլինեն». Լիլիթ Քոչարյանը՝ «Մոռացված կանգառը» հեռուստասերիալում գլխավոր դերի եւ Բեն Ավետիսյանի մասին

13:05   14 օգոստոսի, 2017

Ռեժիսոր Վահե Սայանի նոր՝ «Մոռացված կանգառը» հեռուստասերիալը սեպտեմբերի առաջին կեսից արդեն կլինի եթերում: Ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորում է Բեն Ավետիսյանը։ Հեռուստասերիալում նկարահանհվել է նաեւ Շուշաննա Թովմասյանը, սակայն այս անգամ՝ ոչ Բենի հերոսի սիրելիի կերպարում: Այս ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորում է գովազդներից եւ տեսահոլովակներից հայտնի դերասանուհի Լիլիթ Քոչարյանը: NEWS.am STYLE-ը զրուցել է Լիլիթի հետ առաջին անգամ գլխավոր հերոսուհու կերպարով հանդես գալու, Բեն Ավետիսյանի հետ աշխատելու եւ այլ թեմաների շուրջ.

Լիլիթ, քեզ հեռուստադիտողը տեսել է տեսահոլովակներում, գովազդներում, բայց հեռուստասերիալի գլխավոր հերոսուհու դեռեւս չէիր մարմնավորել: Ինչպե՞ս ստացար «Մոռացված կանգառը» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը:

Առաջարկը ստացել եմ ռեժիսոր Վահե Սայանից։ Համագործակցելու ցանկություն վաղուց կար, բայց ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում։ Այս անգամ ստացվեց, ինչի համար շատ ուրախ եմ, ինչպես նաեւ շնորհակալ վստահության համար։ Ամեն գնով կաշխատեմ արդարացնել եւ՛ անձնակազմի, եւ՛ հեռուստադիտողի սպասելիքները:

Հե՞շտ համաձայնվեցիր նկարահանվել հեռուստասերիալում:

Այո, շատ մեծ սիրով եմ համաձայնվել, քանի որ առաջին անգամ եմ մարմնավորելու հեռուստասերիալում հերոսուհու կերպարը, ինչը շատ պարտավորեցնող է:

Մի փոքր կպատմե՞ս  հերոսուհուդ մասին:  

Նրա անունը Նանե է: Հերոսուհին խենթ, համարձակ եւ, կարելի է ասել, արկածային կերպար է, որը հանդիպելով տարբեր խոչընդոտների՝ շարունակում է պայքարել սիրո համար` դեմ ելնելով բոլորին։ Հետագա զարգացումների մասին ավելի մանրամասն կտեղեկանաք ընթացքում:

Որքանո՞վ է քեզ հոգեհարազատ այդ կերպարը:

Կերպարը շատ հոգեհարազատ է, ինչը որոշ չափով կօգնի աշխատել եւ ավելի մոտ լինել այն կերպարին, որը ցանկացել են ստեղծել:

Ե՞րբ են սկսվել նկարահանումները: Ինչպիսի՞ն է գրաֆիկը, հարմարվե՞լ ես:

Նկարահանումները սկսվեցին հուլիս ամսվա վերջին, գրաֆիկը խիտ է, բայց ամեն կերպ հարմարեցնում ենք միմյանց: Այո, հարմարվելը խնդիր չի եղել։

Դերասանական կազմից ո՞ւմ հետ ես արդեն մտերմացել:

Դերասանական կազմից առանձնացնել որեւէ մեկին չեմ կարող, բոլորի հետ էլ շփվելը հեշտ է եւ հաճելի։ Կազմը լավագույն դերասաններից է ընտրված:

Խաղընկերդ Բեն Ավետիսյանն է: Ի՞նչ կասես նրա մասին. հե՞շտ եք աշխատում միասին:

Բենի հետ աշխատելը բավականին հեշտ է, նկարահանումների ընթացքում հարկ եղած ժամանակ խորհուրդներ է տալիս, ինչը բավականին օգնում է, եւ ես դա գնահատում եմ:

Բենը շատ երկրպագուհիներ ունի, եւ նրանցից շատերը, երբ նրա կողքին որեւէ խաղընկերուհի են տեսնում, կամ սիրավեպ են վերարգրում, կամ էլ` սկսում են փնովել տվյալ աղջկան :) Մտավախություն չունե՞ս, որ կհայտնվես նման խոսակցությունների կիզակետում:

Դա արդեն հասցրել եմ նկատել:) Մտավախություն չունեմ, քանի որ դեպքեր կան, որոնցից անհնար է խուսափել, ուղղակի պետք է հեռուստադիտողն էլ փորձի տարանջատել խաղը իրականությունից:

Առհասարակ, սերիալների դերասաններին հաճախ ասոցացնում են իրենց կերպարների հետ, տարբեր բամբասանքներ են հյուսում...Ինչպե՞ս ես վերաբերվում հայտնի լինելու այդ կողմին:

Դե, հուսով եմ՝ բամբասանքները մինիմալ կլինեն: Հայտնի լինելու մասին ոչինչ ասել չեմ կարող :)

Մի փոքր քո մասին կպատե՞ս: Բացի նկարահանումներից` է՞լ  ինչ նախասիրություններ ունես:

Պատմեմ :) Ավարտել եմ ՀԱՊՀ-ի տեղեկատվական տեխնոլոգիայի բաժինը։ Այժմ զբաղվում եմ վեբ ծրագրավորմամբ: Նախասիրություններս բավականին շատ են, որոնցից այս պահին կառանձնացնեմ հրաձգությունը, ձիավարությունը եւ լուսանկարչությունը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE