«Եթե ասեմ, որ չեմ խանդել, կստեմ». Ռուզաննա Հարությունյանը՝ ամուսնական կյանքի եւ եթերը կարոտելու մասին

14:25   15 օգոստոսի, 2017

Դերասանուհի եւ հաղորդավարուհի Ռուզաննա Հարությունյանն ամուսնութունից հետո ամուսնու՝ Վահիկի հետ բնակվում է Ֆրանսիայում: NEWS.am STYLE-ը զրուցել է Ռուզաննայի հետ հայրենիքից հեռու բնակվելու, ամուսնական կյանքի եւ կարոտի մասին:

Ռուզաննա, ամուսնությունից հետո արդեն մի քանի ամիս էբնակվում ես Ֆրանսիայում: Ինչպե՞ս է այդտեղ անցնում առօրյադ:

Ամուսնությունից հետո երկուսուկես ամիս է՝ Ֆրանսիայում եմ, բայց դեռ վերջնական չեմ տեղափոխվել։ Սեպտեմբերից կրկին Հայաստանում կլինեմ: Իսկ ինչ վերաբերում է առօրյայիս՝ դեռ հանգիստս եմ վայելում. ծով, արեւ, ճամփորդություններ, բացահայտումներ՝ նոր մարդիկ, ուրիշ մշակույթ…

Սովորաբար, եթերի մարդիկ երկար ժամանակ էկրաններից բացակայելուց հետո կարոտով են լցվում հեռուստատեսության հանդեպ: Կարոտե՞լ ես եթերը:

Եթե սիրում ես մասնագիտությունդ՝ անկախ նրանից՝ հեռուստաէկրաններին ես, բեմում, թե տեսախցիկից այն կողմ, միեւնույն է, տեւական ժամանակ մասնագիտությամբ չաշխատելով, կարոտում ես, ինչ-որ բան քո կյանքում դառնում է թերի։ Բնականաբար, շատ եմ կարոտել, առավել եւս, երբ զգում ես ու գիտես, որ քեզ էլ են կարոտել ու սպասում են ։)

Մեր նախորդ զրույցի ընթացքում կատակով նշել էիր, որ խանդով կսպասես, թե ով է քո փոխարեն վարելու «Բարեւ Երկիր» հաղորդումը: Հիմա անկեղծ ասա՝ կա՞ խանդ:)

Էլ ի՞նչ կատակ, եթե դրա մեջ չկա ճշմարտություն :) Իրականում հետեւեցի, մի քանի հաղորդում դիտեցի online տարբերակով: Եթե ասեմ, որ չեմ խանդել, կստեմ, բայց շատ կարճ տեւեց :) Ուրախանում եմ իմ կոլեգաների հաջողություններով։

Կյանքդ ամուսնությունից հետո շա՞տ է փոխվել: Չհաշված այն, որ հիմա Ֆրանսիայում ես ապրում ու եթերում չես լինում:

Կհավատա՞ք, որ դեռ շրջադարձային փոփոխություն չեմ զգում։ Ինձ մոտ երբեմն նույնիսկ զգացողություն է, որ արձակուրդում եմ, ուղղակի այս անգամ մի քիչ երկար տեւեց :)

Ինչպիսի՞ ամուսին է Վահիկը: Խանդո՞տ զույգ եք:

Վահիկը հրաշալի ամուսին է։ Շատերը գուցե մտածեն հերթական շաբլոն ու կեղծ պատասխանն էր, բայց դա է ճշմարտությունը :) Չեմ հիշում՝ ում խոսքերն են, ասում է՝ «Կինը դժվարությամբ է ներում խանդը, բայց երբեք չի ներում խանդի բացակայությունը»: Ոսկե միջինը պահելով՝ ապրում ենք:)

Այս ընթացքում Հայաստանում եղե՞լ եք: Ծրագրո՞ւմ եք գալ:

Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստանում եմ լինելու։ Հավանականությունը մեծ է, որ հեռուստադիտողի հետ հանդիպումներ կունենանք:

Ի՞նչն ես ամենից շատ կարոտում Հայաստանի հետ կապված:

Կարոտում եմ ամեն ինչ՝ բառիս բուն և լայն իմաստով: Մարդկանց, մեր լեզուն, հայերեն մտածողությունը, հայի ջերմությունը, մեր տեսակը (որ ոչ մի տեղ չկա, միայն Իտալիայում նկատեցի նմանություն հայի տեսակի հետ, դե, դա էլ աննշան), կարոտել եմ մեր բակերը, երեխաների աղմուկը, նույնիսկ մեր տաքսիներն ու վարորդների մուննաթը, մարդկանց՝ իրար չժպտալն անգամ կարոտել եմ, որովհետեւ անկեղծություն կա դրա մեջ… մի խոսքով՝ կարոտում եմ…

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE