«Աղքատ լինելու մեջ ինչ-որ ռոմանտիկ բան կա». Բեն Աֆլեքը դարձավ 45 տարեկան

18:32   15 օգոստոսի, 2017

Աշխարհահռչակ դերասան Բեն Աֆլեքն այսօր՝ օգոստոսի 15-ին, նշում է ծննդյան 45-ամյակը: Օսկարակիր դերասանը նկարահանվել սկսել է շատ վաղ տարիքում: 12 տարեկանում Բենն իր առաջին դերը ստացավ «Միմիի ճանապարհորդությունը» հեռուստասերիալում: Հենց նկարահանման հրապարակում էլ նա ծանոթացավ մեկ այլ հայտնի դերասան Մեթ Դեյմոնի հետ, որի հետ մտերմությունը շարունակվում է մինչ օրս:

Դերասանի կարիերայի սկիզբն այնքան էլ հաջողված չէր: Նա մի քանի ֆիլմերում է նկարահանվում, որոնք այնքան էլ չեն տպավորում ֆիլմասերներին: Իսկական հաջողությունը Բենին ժպտում է այն ժամանակ, երբ նա միավորվում է լավագույն ընկերոջ՝ Մեթ Դեյմոնի հետ, եւ միասին նրանք գրում են «Խելացի Ուիլ Հանթինգը» ֆիլմի սցենարը, որը նրանց բերում է միանգամից եւ «Օսկար», եւ «Ոսկե Գլոբուս»:

Դերասանի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից են նաեւ «Գողերի քաղաքը», «Արմագեդոն», «Աղջիկը՝ Ջերսիից», «Վախի գինը» եւ այլն:

Ստորեւ ներկայացնում ենք Բեն Աֆլեքի՝ տարբեր ժամանակաշրջանում արտահայտած մտքերից մի քանիսը.

«Աշխարհում շատ աղմուկ կա, ինչն ավելի է թեժանում համացանցի պատճառով»:

«Ես լավ հարաբերությունների մեջ եմ աշխարհի հետ, բայց չգիտեմ, թե ինչպես կարող եմ պահպանել այդ հարաբերությունները»:

«Ատում եմ սեքս խորհրդանիշ կոչվածը: Դա այնքան ձանձրալի է»:

«Ես շատ անպաշտպան եմ, ինչպես ցանկացած մարդ»:

«Ես այնպիսի ընտանիքում եմ մեծացել, որտեղ չէր գնահատվում այն, ինչ ես անում էի»:

«Ես պարզապես գնում եմ աշխատանքի՝ փորձելով լինել պրոֆեսիոնալ, հասնել ժամանակին եւ լինել պատրաստված»:

«Վերջապես սովորել եմ ասել «ոչ մի մեկնաբանություն» արտահայտությունը: Թաբլոիդներում հայտնվելն իսկական կյանքի փորձ է պահանջում»:

«Կարծում եմ՝ ներողամտությունն առողջարար է»:

«Ինձ թվում է՝ անիմաստ վատնում եմ ճանաչվածությունս»:

«Կարծում եմ՝ աղքատ լինելու մեջ ինչ-որ ռոմանտիկ բան կա»:



© NEWS.am STYLE