Եգիպտական նոթեր կամ փարավոններին հյուր

21:49   14 ապրիլի, 2013

Զբոսաշրջիկներին եւ նրանց ուղեբեռը տեղավորում էին ավտոբուսում: Եգիպտոսում Ամանորը դիմավորող մեր խումբը կազմված էր 35 մեծահասակից եւ 7 երեխայից: Եգիպտոսում գոյություն ունեցող ամենաթարկաժեք բանի (մեզ՝ զբոսաշրջիկների) պաշտպանությունը հանձնառած պահակախումբն անընդհատ քնած էր: Որքան էլ մեր ավտոբուսի վարորդը ջանում էր ձայնային ազդանշանով նրանց արթնացնել, իզուր էր անցնում: Քունն առնելով՝ խիզախ պահապանները սկսեցին մեզ ժեստեր անել եւ բողոքել վարորդին. «Քնած չենք: Ի՞նչ աղմուկ ես բարձրացրել»:

Ուղեկցորդ Շերիֆն ինձ վրա պատշաճ տպավորություն չթողեց: Ոչ, ռուսերենին տիրապետում էր բավարար եւ կարող էր շատ բան պատմել, եթե իմանար: Բայց այդ հարցում, ցավոք, նկատելի բացթողում կար: Նա անընդհատ շփոթում էր փարավոնների եւ աստվածների անունները: Փոխարենը ցանկացած իրավիճակից դուրս գալու հարցում նա պարզապես մասնագետ էր:

Վերջապես, մենք անցանք 6 միանման շքեղ նավերի կողքով եւ մտանք մերը: Մեզ բաժին էր ընկել լավագույն ջերմանավը՝ Bean Soleil գեղեցիկ անվանումով. այն կանգնած էր ամենավերջում: Դա հինգ աստղանի de luxe հյուրանոց էր: Մեր նավախցի պատուհանները նայում էին գետին, այլ ոչ թե հարեւան սենյակ:

Բացի ջինսերից, ես ոչինչ ինձ համար չէի վերցրել, եւ հարեւան ջերմանավերից մեկի ռեստորանի դռանը փակցված dresscode մակագրությունը կարող էր փչացնել իմ ժամանումը:

Եթե պատուհանից չնայես, ոչ մի կերպ չես հասկանա. կանգնա՞ծ ենք, թե՞ լողում ենք: Ոչ մի ճոճք, ոչ մի կտրուկ շարժում, սահուն կայանում. ոչ, դա նույնիսկ կայանում չէ, այլ լավ խորեոգրաֆի կողմից բեմադրված պար: Հարկ կա՞ նշելու, որ Տիտանիկ ֆիլմի երգը պտտում էին ամեն ժամ...

Ցավոք, ո՛չ տեսանյութը, ո՛չ ֆոտոն չեն կարող փոխանցել գլոբալությունը, մասշտաբայնությունը եւ հենց մթնոլորտը: Չնայած, ո՞վ գիտե, գուցե դա ավելի լավ է. ինքներդ Եգիպտոսում լինելու խթան ունեք: Սեփական ոտքերով տաճարներում քայլելու, դիտելու, շոշափելու շքեղության մնացորդները:

Առաջին կանգառը Լուքսորում

Ճանապարհի կողքին բարձրանում են Մեմնոնի հուշարձանները: Յուրաքանչյուր արձանի քաշը 800 տոննա է, բարձրությունը՝ 18 մետր: Իսկ դա միայն տաճարի մուտքն է, որը չի պահպանվել: «Այսպես, փարավոններ (շեֆն այսպես կոչեց մեր խումբը), արագ լուսանկարվում ենք եւ շարժվում առաջ»: Այդ պահից ես հասկացա, որ Շերիֆի գլխավոր նշանաբանը «արագ»-ն էր:

Փարավոնների հուղարկավորության վայրը՝ Արքաների դաշտավայրը, մեր ժամանման ժամանակ անխղճորեն թալանված էր: Բայց ամեն դեպքում տեսնելու բան այնտեղ կա: Այդ վայրը հետաքրքիր կլինի հատկապես շինարարներին: Լիներ իմ կամքով, ես պարտադիր կերպով նրանց այդ դաշտավայր կուղարկեի: Ճշգրիտ երկրաչափությունը, առաստաղների կատարելապես հավասար մակերեսն ապշեցնում են:

Հաթշեփսութ թագուհու տաճարը վստահաբար նկարել են Մաո Ցզեդունի դամբարանից կամ հակառակը…

Ամանորը ջերմանավի վրա

Ամանորը ջերմանավում ուրախ անցավ: Արդեն երեկոյան 8-ին միջանցքներում երեկոյան զգեստներով տիկնայք էին քայլում: Ես շտապեցի իմ նավախցիկ: Զգեստ չունեմ, գոնե կոշիկներս մաքրեմ: Տոնի առիթով կապիտանը սկսեց լողալ գետով: Ամեն դեպքում, Նոր Տարին ամենալավը Նեղոսի մեջտեղում դիմավորելն է: Ընտրիքը շքեղ է: Սեղանների արանքով քայլում էր եգիպտական Ձմեռ պապը: Նա մոտենում էր երեխաներին եւ սեղմում նրանց: Նրա չշպարված տեսքի պատճառով աղջիկս լավ եղավ: Իհարկե, նաեւ այլ պատճառ կար: Չգիտեմ՝ ինչպես մյուս երեխաների համար, բայց իմ աղջկա մոտ Ձմեռ Պապն ասոցացվում է նվերների հետ: Իսկ այդ հազվագյուտ նմուշն այդ մասին գլխի ընկավ ոչ անմիջապես:

Ժամը 23-ին մոտ ռուսները ցրվեցին նավախցեր: Աղջիկս գդալով փորփրում էր խավիարի տարրան, մենք վայելում էինք հայրենիքից բերած քրտնած շշով շամպայնը: Կեսգիշերին մոտ բարում հավաքվեցինք կապիտանից կոկտեյլ ըմպելու: Ծրագիրը չդիտեցինք. նախ՝ բոլոր տեղական «պա»-երը եւ «խաչբառերի» խաղերը տեսել էինք, եւ երկրորդ՝ թարմ գլուխը մեզ պետք էր էքսկուրսիաների համար: Եվ մենք գնացինք քնելու:

Առավոտյան մեզ տարան Քարնաքի տաճարի համալիր: Շերիֆն աճապարելով ցույց էր տալիս տաճարը, նա ակնհայտորեն շտապում էր մեր խմբին տանել հերթական ֆաբրիկա: Մեր ծրագրերում դա չկար: Ուղեկցորդին զգուշացրեցինք, որ ինքնուրույն կհասնենք ջերմանավին եւ մնացինք: Վերջապես կարող էինք թուլանալ: Ի՞նչը կարող է հնություններն առանց շտապելու դիտելուց ավելի լավ լինել: Մենք ջանում էինք ոչ մի անկյուն բաց չթողնել, դիտում էինք այն ամենը, ինչ ցույց էր տալիս ուղեկցորդը, ագահորեն լսում նաեւ ռուսալեզու այլ ուղեկցորդների պատմությունները: Բաց թողնված շատ բան մնաց:

Տաքսիով ջերմանավ հասանք ճիշտ ժամանակին: Դեռ մերոնց էլ ծաղրեցինք: Նրանք եկան ավելի ուշ՝ չարացած եւ քաղցած:

Լուքսորի տաճար մտանք անվճար: Տոմսը մեկ անձի համար արժեր 40 ֆունտ: Չգիտեմ՝ ինչո՞ւ որոշեցինք պահապանի հետ կյանքի մասին զրուցել: Խոսքը խոսքի հետեւից, եւ արդյունքում նա ինչ-որ բան բղավեց հսկիչին եւ մեզ թողեցին՝ առանց կանգնեցնելու:

Լուքսորի թանգարան

Երբեք չեք փոշմանի, որ այցելել եք այն: Հետաքրքիր է, ինչպե՞ս են մումիաների փոշին սրբում: Թվում է՝ վրձնի մեկ հպումից դրանք պարզապես կփշրվեն: Եղունգներն արդեն փտել են, իսկ մազերը՝ ոչ. սեւ, ինչպես խեժ, գանգուրներն առանձնացած են, կարելի է հստակ կերպով տեսնել յուրաքանչյուր մազը: Նորից դիտելու համար հինգերորդ անգամ եմ մոտենում: Ծերունին դուրս է գալիս ցնցված... այո, բոլորս մահկանացու ենք...

Յուրաքանչյուր առարկա իր պատմությունն ունի: Ահա փարավոններից մեկի կենցաղային իրերը: Մահճակալ, աթոռ. այն ամենը, ինչ անհրաժեշտ է նրան մյուս կյանքում... Բայց ահա սպիտակեղենը չորացնելու միջոց. այնտեղ ինչի՞ն է պետք: Ցուցանմուշները մենք ինքնուրույն ենք ուսումնասիրում՝ հազվադեպ լսելով թանգարանի անգլալեզու ուղեկցորդին: Եգիպտոսն ուսումնասիրելու համար տարիներ են հարկավոր, այլ ոչ թե երեք օր:

Մոտենում ենք կառամատույցին: Երբ ինձ ասացին, որ ջերմանավը մեկնել է, բնականաբար, չհավատացի: Բայց տեղեկությունը հաստատվեց: Որտե՞ղ է այն թափառում... ահա, այլ նավեր են թողնում, դե, ոչինչ: Մեր խումբը հավաքվեց: Տպավորություններն ենք փոխանակում:

Հետո Էֆդուի տաճարն էր եւ Կոմ Օմբոյում տաճարը: Աստվածներ, փարավոններ, կյանքի բանալիներ, թռչուններ, կոկորդիլոսներ, բզեզներ. ամենուր տարբեր չափաբաժիններով եւ մեծ քանակությամբ:

Երիտասարդ եւ այդ պատճառով դեռեւս առանց երեխայի ընտանեկան զոքւյգը նույնպես գնաց ինքնուրույն զբոսնելու: Նրանք ընտրեցին ինչ-որ խաղաղ շուկա: Ընտանիքի գլուխը պնդում է, որ այնտեղ կարելի էր ամեն ինչ գնել: Ամեն դեպքում, ձեռքին փոքրիկ ունեցող կինը նույնիսկ երեխային էր առաջարկել: Սկզբում՝ 20 դոլարով, հետո գինն իջեցրեցին մինչեւ 10: Ամբողջ երեկո խումբը գուշակում էր. ի՞նչ էր դա, անհաջող կատա՞կ, թե՝ լուրջ: Մեր բախտն ավելի քիչ բերեց. ապրանքների շուկայում, որին հասանք մեծ դժվարությամբ, անպետք իրեր էին վաճառվում, որոնք հարկավոր չէին նույնիսկ տեղի բնակիչներին: Ճանապարհն անցնելը, պարզվեց, դյուրին չէ: Ավտոմեքենաներ, ձիեր, հեծանիվներ, ավանակներ, եւ բոլորը՝ առանց արգելակների:

Երեկոյան երկինքը խնամքով մե՛կ վարդագույն, մե՛կ մանուշակագույն զգեստ էր փորձում: Պատրաստվում էր մայրամուտին: Մեծ կարմրա-նարնջագույն գունդն անաղմուկ թաքնվում էր հորիզոնում: Նավերը շտապում էին հավաստել իրենց հարգանքը եւ, փոքր-ինչ շարժվելով, լողում էին դեպի հեռուներ: Իսկ մեզ մնում էր միայն արձանագրել նրանց կյանքի այդ կարեւոր իրադարձությունը:

Վ.Ա.



© NEWS.am STYLE