«Համարձակություն էր պետք». Կարապի լճում շարժական քանդակների ցուցահանդես է բացվել (Ֆոտո/վիդեո)

10:31   16 օգոստոսի, 2017

Օգոստոսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը Կարապի լճում ներկայացվելու է ժամանակակից քանդակագործ Աշոտ Հարությունյանի՝ «Ժամանակակից քանդակը՝ Կարապի լճում» խորագիրը կրող նախագիծ-ցուցահանդեսը:

Երեկ Կարապի լճում կայացավ ցուցահանդեսի բացումը, որին ներկա էր նաեւ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը.

«Արդեն քանի ամիս է՝ ծանոթ եմ նախագծին, համարձակություն պետք է ունենայինք նման լուծում ստանալու համար, քանի որ ժամանակակից արվեստը համարձակություն է պահանջում: Մենք ունենք տարբեր գաղափարներ, բայց սա առաջին փորձն է, եւ ապագայում քաղաքի տարբեր հատվածներում ունենալու ենք նման համարձակ ցուցադրություններ: Երիտասարդներին պետք է նորովի մտածել, նորովի երեւակայել եւ տեսնել գեղեցիկը: Ինչ վերաբերում է քննադատություններին՝ ես դրանց շատ դրական եմ վերաբերվում, քանի որ դրանք նպաստում են հանրահռչակմանը, եւ եթե կան սխալներ, հանրությունը դրանք մատնանշում է, եւ հաջորդ անգամ մենք աշխատում ենք դրանք շտկել:  Այնպես որ՝ պետք չէ վախենալ քննադատություններից, առավել եւս, երբ ցուցադրվում է ժամանակակից արվեստը»,-նշեց Ամիրյանը:

Նման ցուցահանդեսով ներկայանալու գաղափարը հենց ճարտարապետինն էր: Լրագրողների հետ զրույցում նա նշեց.

«Ցուցահանդեսի գաղափարը, որպես այդպիսին, չառաջացավ: Այդ ամենը կախված է նրանից, թե դու ինչպես եւ ինչու ես ապրում Երեւանում:  Եթե դու այստեղ ես ապրում, ուրեմն որոշակի արժեքներ ունես, իսկ եթե ոչ՝ ավելի լավ է գնաս այստեղից: Այդ արժեքներից մեկն այս կենտրոնական հատվածն է, որը կապված է բոլորիս հիշողությունների եւ մանկության հետ:

Առաջարկն այն էր, որ այսօրվա հանրությանը ոչ ծանոթ այս քանդակները դրվեին ջրի վրա, եւ այս առաջարկն ընդունվեց, մնացածն արդեն տեխնիկայի հարց էր: Այս ցուցահանդեսը ոչ միայն արվեստի խնդիրների, այլեւ Հայաստան երկրի մեջ ապրելու մասին է: Սրանք վերացական քանդակներ են: Որոշ մարդիկ կարծում են, որ սա հնացած ոճ է, որոշները՝ զարմանում են, որ այսպիսի քանդակներ կարող են լինել, այնպես որ՝ սա հետաքրքիր եւ, ինչ-որ տեղ, նոր բան է, 8-9 տարվա իմ աշխատանքների ընտրանին է»:

Եթե դեռ չեք հասցրել լինել Կարապի լճում եւ չեք տեսել այնտեղ ցուցադրվող նոր քանդակները, ապա առաջարկում ենք դիտել  NEWS.am STYLE-ի պատրաստած ֆոտոռեպորտաժն եւ տեսանյութը։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE