Թողնենք անցյալում. 2017-ի հակաթրենդները

13:10   17 օգոստոսի, 2017

Նորաձևության յուրաքանչյուր սեզոն մեզ իր թրենդներն ու կանոններն է թելադրում, որոնց պարտավոր են ենթարկվել բոլոր նրանք, ովքեր իրենց նորաձև են համարում։ Գնելով այս կամ այն հագուստը՝ մենք ուզում ենք, որ այն հնարավորինս երկար նորաձև համարվի։ Իհարկե, կան զգեստապահարանի որոշ տարրեր, որոնք կարող են մի քանի սեզոն ծառայել մեզ, բայց դրանցից մի քանիսն էլ հազիվ են դիմանում մինչև սեզոնի վերջ։ Դրա համար էլ ժամանակ առ ժամանակ պետք է ուշադիր ուսումնասիրել զգեստապահարանի պարունակությունն ու ազատվել հնացած իրերից։

Ցտեսություն, չոկերնե՛ր

Այո, մենք բոլորս գնել ենք հսկայական քանակության տարատեսակ չոկերներ՝ կարմիր ու սև, ասեղնագործված, փայլերով ու կորսետի տեսքով։ Բայց երբ թրենդը վերանում է, ուրեմն վերջ, այլևս ելք չկա։ Ու ավելի լավ է չոկերների մասին մոռանանք մինչև բարեհաջող ժամանակներ, երբ այս հակաթրենդը նորից նորաձև կդառնա։

Պարուհու /պաչկա/ կիսաշրջազգեստներ 

Ախ, այս կիսաշրջազգեստները, որոնք այդքան դուր են եկել երևանցի աղջիկներին, ու մի քանի սեզոն դիմացել նորաձևության հարթակներում։ Եթե դժվարանում եք բաժանվել այդ եթերային կիսաշրջազգեստներից, ուրեմն փոխարինեք դրանք ոչ այնքան ծավալուն մոդելներով, կամ ավելի լավ է պլիսե կիսաշրջազգեստ ձեռք բերեք՝ մետաքսից կամ կաշվից։

Ընդգրկող ձևերն անցյալում են մնում

Ժամանակակից նորաձևության աշխարհում մշտապես տեղի են ունենում «մենամարտեր». արդեն քանի տարի է նորաձև օվերսայզը ձգտում է դուրս մղել ընդգրկող մոդելները։ Արդյուքում՝ ազատությունն ու լայնությունը հաղթանակեցին այս բարդ մենամարտում։ Դրա համար էլ հեռու անկյունում թաքցրեք բոլոր ընդգրկող զգեստները ու հագեք օվերսայզ ոճային զգեստներ։

Տանկետկայով մարզակոշիկներ՝ հակաթրենդների գագաթնակետը

Դեռ այն ժամանակներում, երբ տանկետկայով մարզակոշիկները համարվում էին գլխավոր թրենդը, շատ ոճաբանների դուր չէին գալիս այդ կոպտավուն կոշիկները, որոնք նրանց կարծիքով՝ այլանդակում են աղջիկների ոտքերն ու կազմվածքը։ Այսօր ոչ մի իրեն հարգող fashionista նման կոշիկով չի հայտնվի անգամ իր տատիկի ամառանոցում։ Այնպես որ, շուտ ազատվեք այդ կոշիկներից։



© NEWS.am STYLE