Քարդաշյանները հարցազրույց են տվել ի պատիվ իրենց ռեալիթի շոուի 10-ամյակի

11:14   17 օգոստոսի, 2017

Քարդաշյան գերդաստանը ծավալուն հարցազրույց է տվել ի պատիվ E ալիքի եթերում Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի թողարկման 10-ամյակի:

Քանի որ բուն հարցազրույցը տասնյակ էջեր է զբաղեցնում եւ հիմնականում զանազան իրավիճակների մասին է, որոնց գերդաստանը վերջին 10 տարիներին բախվել է, մենք փորձել ենք Քիմի, Քորթնիի, Քլոեի, Քենդալի, Քայլիի եւ Քրիս Ջեների (30-ամյա Ռոբ Քարդաշյանը հարցազրույցին չի մասնակցել) ամբողջ ասածից ընտրել ամենահետաքրքիրը:

Քիմը, Քորթնին եւ Քլոեն՝ 2011 թվականին

Քիմը հիշել է, թե ինչպես էր 2011 թվականին ամուսնանում բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ. հայուհու եւ մարզիկի ամուսնությունը տեւեց ուղիղ 72 օր: Հարսանյաց հանդեսի համար 6 մլն դոլար էր ծախսվել։

«Այդ ժամանակ գովազդներից մեկով մենք 10 մլն վաստակեցինք: Դա կոմերցիոն հաջողություն էր, սակայն ֆինանսական հաջողություն չէիր համարի: Ես գիտեի, որ ամուսնությունը չի պահպանվի այն պահին, երբ եկեղեցում ասում էի, որ «Համաձայն եմ»: Այդ հարսանիքին այնքան շատ ուշադրություն էր դարձվում, ես ինձ վրա ճնշում էի զգում:

Իմ ընկերները եւ շոուի պրոդյուսերներն ինձ ասում էին, որ ես երջանիկ տեսք չունեմ: Նրանք ինձ ասում էին, որ ես պարտավոր չեմ այդ ամենի միջով անցնել: Հարսանիքից մեկ օր առաջ մայրս ինձ ասաց. «Ախր, երեւում է, որ այս ամենը քեզ համար չէ: Մի կողմ քաշվիր եւ ինձ թույլ տուր այս ամենը կարգավորել»: Ես մտածեցի, որ եթե անմիջապես ապահարզան տամ, մարդիկ կասեն, թե ես ամեն ինչ արել եմ հանուն շոուի: Ինձ ասացին, որ պետք է մեկ տարի համբերել, սակայն ես ֆիզիկապես անկարող էի դիմանալ: Դա շոուի համար չէր, բայց ինձ այն ժամանակ շարունակ մեղադրում էին: Բոլորը թող գրողի ծոցը գնան»,- ասել է Քիմը՝ որոշ տեղեկություններ հավելելով նաեւ Քանյե Ուեսթի հետ հարաբերությունների մասին:


«Քանյեն սկզբում չէր ցանկանում շոուում նկարահանվել, բայց հիմա երբեմն հայտնվում է: Նա իր կարիերան ունի եւ իր մասնագիտական կյանքը: Բայց նա գիտեր, որ ես ցանկանում եմ մեր հարսանիքը նկարահանել»,- հավելել է 36-ամյա հայուհին:

Իսկ Քիմի մայրը՝ Քրիս Ջեները, հիշել է անցյալ տարվա հոկտեմբերին Փարիզում դստերը կողոպտելու դեպքը:
«Երբ Քիմը պատմեց այն մասին, ինչ տեղի էր ունեցել Փարիզում, ես արտասվում էի եւ չէի կարողանում հանդարտվել, ես մինչեւ հիմա դրանից չեմ ազատվել»:


Քլոեն եւ Քորթնին, իրենց հերթին, պատմել են ներկայիս սիրեցյալների հետ իրենց հարաբերությունների մասին, սակայն նրանց պատմություններում ոչ մի նոր բան չկա:


Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE