Exclusive. «Նա առյուծ է վարժեցնում». Գեորգի Բունիաթյանն իր նշանդրեքի եւ ընտրյալի մասին

11:35   17 օգոստոսի, 2017

Օգոստոսի 8-ին հայկական շոու-բիզնեսի եւս մեկ ներկայացուցիչ լքեց ցանկալի փեսացուների շարքը: «Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի երգիչ Գեորգի Բունիաթյան ը նշանադրվել է իր ընտրյալի՝ Ստեֆանիա Գրիգորյանի հետ:

Իր նշանադրության եւ Ստեֆանիայի հետաքրքիր մասնագիտության մասին Գեորգին առաջինը պատմել է NEWS.am STYLE-ին.

«Մեր նշանադրությունը տեղի ունեցավ օգոստոսի 8-ին՝ ընկերների, մտերիմների եւ բարեկամների մասնակցությամբ: Քանակային առումով հյուրերը շատ չէին, քանի որ ցանկանում էինք այդ օրն անցկացնել միայն մեր մտերիմ մարդկանց հետ: Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ անցավ, որովհետեւ բոլորը շատ ուրախ էին»:

Զույգի նշանադրությանը բացի մտերիմներից եւ ընկերներից, ներկա էին նաեւ Գեորգիի հայտնի գործընկերները՝ Արսեն Սաֆարյանը, Հակոբ Հակոբյանը, Արմեն Հովհաննիսյանը, Արսեն Հայրապետյանը, Անահիտ Շահբազյանը, Նարե Գրիգորյանը, Հայկ Հունանյանը, Ռուզաննա Անդրեասյանը, Կարեն Սահակյանը եւ այլք:

Խոսելով իր ընտրյալի մասին՝ Գերոգին առանձնակի ոգեւորությամբ անդրադարձավ նրա մասնագիտությանն ու դրա ընտրության խիզախությանը.

«Ընտրյալիս մասին շատ երկար կարող եմ խոսել: Նա շոու-բիզնեսի հետ կապ չունի: «Գոշա» կրկեսը, որը շատերին է հայտնի, նրա հայրիկի՝ Գեւորգի կրկեսն է։ Ի դեպ, հենց նրա հայրիկն է ծաղրածու Գոշան: Ստեֆանիան ունի երկու մասնագիտություն՝ ձեռնածու է, կարողանում  միանգամից ութ գնդակ պտտեցնել: Աշխարհում շատ քչերն են այդպես կարողանում անել: Բացի այդ, արդեն երեք տարի է՝ նա առյուծ է վարժեցնում, ունի իր սեփական առյուծը: Շատ վտանգավոր աշխատանք է, իհարկե, բայց նրա մոտ դա ստացվել է: Ինչպես հասկացաք՝ շատ անվախ, նպատակասլաց աղջիկ է։ Նաեւ ուրախ, ժպտերես ու համեստ է: Հենց այդ հատկանիշներով էլ գերել է ինձ»:

Նշանդրեքի օրը զույգը ներկայացել էր հետաքրքիր հագուստով՝ միասին համադրելով ցանկացած դետալ.

«Հագուստի գույներն ու ոճը երկուսիս մտահաղացումն է եղել, չենք խորհրդակցել դիզայներների հետ: Գնացինք, փորձեցինք եւ որոշեցինք այդպես հագնվել՝ բաց վարդագույն եւ սպիտակ երանգների մեջ: Իսկ ընդհանուր ձեւավորման հարցում մեզ օգնել է մեր շատ լավ ընկեր, դիզայներ Լիանա Սարգսյանը»:

Ինչ վերաբերում է առաջիկա հարսանիքին՝ երջանիկ փեսացուն նշեց.«Հարսանիքի օրը դեռ չենք որոշել: Կարծում եմ՝ շատ չենք ուշացնի: Տեսնենք՝ երբ ենք կարողանում հարմարեցնել. դուք այդ օրվա մասին անպայման կիմանաք»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE