Exclusive. Մադոննայի, Ջասթին Բիբերի, Արիանա Գրանդեի հետ համագործակցած երաժշտական ընկերությունը պայմանագիր է կնքել Հասմիկ Շիրոյանի հետ

13:25   17 օգոստոսի, 2017

Ուկրաինական «Ձայնը» եւ «Դեպի Եվրատեսիլ» նախագծերից հայտնի երգչուհի Հասմիկ Շիրոյանը պայմանագիր է կնքել բրիտանական հայտնի The Famous Company երաժշտական ընկերության հետ, որն աշխատել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են՝ Արիանա Գրանդեն, Ջասթին Բիբերն ու Մադոննան:

Հասմիկը մեծ ակնկալիքներ ունի նոր համագործակցությունից, ինչի մասին էլ ոգեւորությամբ  պատմել է NEWS.am STYLE-ին:

«Քանի որ բրիտանական The Famous Company ընկերությունը շատ հայտնի է եւ համարվում է Մեծ Բրիտանիայի ամենախոշոր ընկերություններից մեկը, որը զղբաղվում է արտիստների գործունեությամբ, ինձ այն հետաքրքրեց: Ես նրանց ուղարկեցի իմ տեսանյութերից մեկը: Նրանց այն շատ դուր եկավ, եւ ինձ առաջարկեցին համագործակցել: Իհարկե, ես շատ ուրախ եմ այս համագործակցության համար: Արդեն մեկ ամիս է, ինչ աշխատում ենք միասին»:

Հասմիկից հետաքրքրվեցինք, թե ինչ է ակնկալում նոր համագործակցությունից, եւ արդյոք հնարավո՞ր է, որ առաջիկայում սկսի աշխատել այն հայտնիների հետ, որոնց գործունեությամբ զբաղվում է բրիտանական ընկերությունը.

«Միշտ էլ նման նպատակ եմ ունեցել, ինձ այդ շուկան միշտ հետաքրքրել է, քանի որ ես երգել սկսել եմ հենց այդ երաժշտությամբ, իսկ այդ հարցում ինձ ուղղություն է ցույց տվել իմ ուսուցիչը՝ հրաշալի երաժիշտ Օլեգ Գալաշինը: Այս մի քանի տարիների ընթացքում հրաժարվել եմ մասնակցել տարբեր նախագծերի, որտեղ ինձ հաճախ էին հրավիրում, քանի որ իմ առաջ ունեի այլ նպատակ: Ուզում եմ գրավել այն շուկան, որն աշխատում է ամբողջ աշխարհում, որպեսզի աշխարհին ցույց տամ հայերի տաղանդը: Ինձ համար անհնարին ոչինչ չկա: Եթե ես մի բան ուզում եմ, հասնում եմ դրան: Իհարկե, արդեն մտքումս կան մի քանի գաղափարներ»,-նշեց երգչուհին, որն այնքան ոգեւորված է նոր համագործակցությամբ, որ չի էլ մտածում ամառային հանգստի մասին.


«Այս ամբողջ գործընթացն ինձ աննկարագրելի հաճույք է պատճառում: Հանգստանում եմ աշխատանքային ճամփորդությունների ընթացքում: Շուտով, օրինակ, համերգ եմ ունենալու Եգիպտոսում, այդ ընթացքում նաեւ կհանգստանամ: Իսկ հիմա արդեն Հայաստանում եմ, որտեղ ամռան վերջին ներկայանալու եմ համերգով»:

Սյունե Առաքեյան

Լուսանկարները՝ Հասմիկի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE