«Գեղեցիկ զգալու համար սիրած տղամարդու ջերմ խոսքերն են պետք». մոդել Թերեզա Մարտիրոսյանի հմայքի գաղտնիքները

15:35   18 օգոստոսի, 2017

Թերեզա Մարտիրոյանը մեր երկրի ամենապահանջված մոդելներից է, որը մասնակցում է ճանաչված դիզայներների գրեթե բոլոր ցուցադրություններին: Գեղեցիկ կառուցվածք ունենալու համար Թերեզան առանձնահատուկ ջանքեր չի թափում, այնուամենայնիվ, կան մանրուքներ, որոնց հետեւում է: Իր հմայքի գաղտնիքներով գեղեցկուհին կիսվել է NEWS.am STYLE-ի հետ.

«Առավոտյան վաղ եմ արթնանում, նույնիսկ եթե գիշերն ուշ եմ քնում: Հատուկ սննդակարգի երբեք չեմ հետեւել: Իմ կարծիքով՝ լավագույն դիետան այն է, երբ ուտում ես այն, ինչ ցանկանում ես (իհարկե, չափի մեջ), բայց նաեւ անպայման պետք է զբաղվել սպորտով»,-համոզված է մոդելը, որի սննդակարգը տարիների ընթացքում փոխվել է.

«Եթե նախկինում կային հատուկ ժամեր, երբ ես սնվում էի, հիմա կարելի է ասել՝ սնվում եմ, երբ հասցնում եմ: Ճաշն առանց միս, օրինակ, չեմ պատկերացնում»,-ասում է նա՝ հավելելով.

«Գիրանալու հակում, կարծես թե, չունեմ: Եթե այս կամ այն ուտեստը սիրում եմ, ինձ ոչնչից չեմ զրկում, դրա համար սնվելուս ժամը կապ չունի: Բայց շատակեր չեմ :) 2-3 ժամվա ընթացքում մի փոքր բան կարող եմ ուտել ու կշտանալ: Սպորտով զբաղվում եմ, ցավոք, ոչ այնքան հաճախ, որքան ինքս կցանկանայի»:

Թերեզայի կարծիքով՝ կինն իրեն գեղեցիկ է զգում, երբ ջերմ խոսքեր է լսում սիրելի տղամարդու կողմից.

«Յուրաքանչյուր կին գեղեցիկ է յուրովի: Կնոջ մարմինը քանդակ է՝ մեկ-մեկ վատ քանդակված: Բայց ամեն ինչ կարելի է շտկել, եթե կա ցանկություն: Խորհուրրդ կտամ յուրաքանչյուր տարիքում ունենալ խնամված տեսք (խոսքը make up-ի կամ լցրած շուրթերի մասին չէ)»,-եզրափակեց մոդելը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Թերեզա Մարտիրոսյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE