Համաշխարհային նորաձեւության թրենդներ, որոնց հայերը պատրաստ չեն

12:07   19 օգոստոսի, 2017

Թրենդներ կան, որոնց մասին մենք ամեն ինչ գիտենք, դրանք հիշում ենք եւ ծածուկ դրանցով հիանում, բայց այն հագնելուց կտրականապես հրաժարվում ենք: Այսպիսով, որ թրենդները չտարածվեցին նորաձեւամոլ հայուհիների շրջանում կամ պարզապես նորաձեւ միտում չդարձան: Միգուցե մենք պարզապես պատրա՞ստ չենք վճռական ու համարձակ համադրություններին:

Հուդի

Սպորտային հագուստը վաղուց դարձել է մեծ քաղաքների StreetStyle-ի անբաժանելի մասը: Իսկ դրա թոփային տարրերից մեկը հուդին է, որն այնքան սիրեցին Արեւմուտքում, եւ որն այդպես էլ չտարածվեց Երեւանի նորաձեւ աղջիկների շրջանում:

Հուդին ամենեւին էլ նորություն չէ. այն մեզ է հասել հեռավոր 70-ական թվականներից եւ տարածվել է վերջին տարիներին:

Գլխանոցով այս երկարացված սվիտերը ամբողջ աշխարհում հաստ բլուզի ամենապահանջված տեսակն է: Սակայն մեր երկրում հարմարավետ հուդիով մարդիկ հազվադեպ են պատահում:

Համարձակվում եմ ենթադրել, որ սրա պատճառը մեր հայրենակցուհիների համար բավականաչափ գլամուրային չլինելն է: Նույնիսկ այն փաստը, որ հայ աղջիկներից շատերի համար ոճի խորհրդանիշ համարվող Քիմ Քարդաշյանը հաճախ է հուդիով հայտնվում, ծանրակշիռ փաստարկ չէ:

Աշունը հեռու չէ, եւ հույս ունենք, որ մեր նորաձեւամոլները թույլ կտան հուդիին հայտնվել իրենց ոճային զգեստապահարանում:

Թրենիկներ

Դիտեք նորաձեւության տարբեր շաբաթների StreetStyle-ը, եւ դուք ինքներդ կզգաք, թե նորաձեւությունը որքան առաձգական ու անկանխատեսելի է: Սպորտային տաբատները Արեւմուտքում նոր ջինսերն են: Միայն թե՝ թրենիկները հագնում են գործնական ոճով՝ ճիշտ նույն երանգի սվիտերով եւ տղամարդու չափերի ժակետով, բաց կիսակոշիկներով կամ մուշտակով:

Նման ոճն, անշուշտ, մեր քաղաքում հարգի չդարձավ «անլուրջ» լինելու պատճառով, իսկ գուցե պատճառը 90-ականներից եկող բարդույթնե՞րն են, երբ սպորտային կոստյումն այնքան տարածված էր:

Գուլպա կոշիկներ

Իրականում կոշիկի կամ բոկոտիկների հետ գուլպա հագնելն ինչ-որ նորույթ չէ: Դեռեւս խորհրդային տարիներին աղջիկները հենց այդպես էին հագնվում, բայց, իհարկե, ոչ թե նորաձեւության պատկերացումներից ելնելով, այլ հիգիենայի նկատառումներով:

Դեռեւս մի քանի տարի առաջ բոկոտիկների հետ գուլպա հագնելը վատ ճաշակ էր նշանակում: Սակայն վերջին տարվա ընթացքում այսպիսի ոչ սովորական համադրություն առաջարկեցին համաշխարհային շատ դիզայներներ:

Երեւանցիների համար գուլպայով սանդալները կամ կոշիկներն անվիճարկելի արգելք են կամ ծիծաղելի երեւալու վախ:

Օվերսայզ

Այս հարցում ասելու բան չկա, հանրությունը դժվարությամբ է ընդունում օվերսայզը: Մեր նորաձեւամոլները չեն սիրում պարկանման եւ վիթխարի իրեր, որոնք թաքցնում են կնոջ մարմնի բոլոր հմայքները:

Մինչդեռ StreetStyle-ի աստղերն օվերսայզն այնքան են փայփայում, այն այնքան ջերմորեն են սիրում աշխարհի ամենանորաձեւ մայրաքաղաքներում: Բայց ոչ մեր քաղաքում: Եվ ամբողջ հարցն այս է:



© NEWS.am STYLE