Ջեյ Զին ասել է, թե ինչու է նեղացել Քանյե Ուեսթից

13:10   19 օգոստոսի, 2017

Վերջապես, Ջեյ Զին խոսել է Քանյե Ուեսթի հետ խնդրի մասին։ Հիշեցնենք, որ երբեմնի մտերիմ ընկերների հարաբերությունները լավագույն ժամանակները չեն վերապրում։

Այսպես, անցյալ տարի Քանյե Ուեսթը իր համերգներից մեկի ժամանակ (Քիմին՝ Փարիզում կողոպտելուց եւ ռեփերի՝ հոգեբուժարանում հայտնվելուց հետո) հայտարարել է, որ Ջեյ Զին նույնիսկ չի հետաքրքրվել Քիմի վիճակով՝ հավելելով, որ դժգոհ է Բեյոնսեի վարքից եւ նրան երկերեսանիության մեջ մեղադրել (Քանյեն իմացել է, որ Բեյոնսեն չի ցանկացել ելույթ ունենալ MTV VMA-ում, եթե իրեն հաղթող չհայտարարեն․ այնտեղ նա մրցում էր Ուեսթի հետ։ Քանյեն նաեւ հայտարարել է, որ Ջեյ Զին իր դստերը ոչ մի անգամ չի բերել իր երեխաների հետ խաղալու։

Ջեյ Զիին հանրաճանաչ Rap Radar ռադիոշոուում հարցազրույցի ընթացքում հարցրել են նաեւ Քանյեի հետ հարաբերությունների մասին։ Ի պատասխան՝ Ջեյ Զին ասել է․

«Ես շատ լավ եմ ճանաչում Քանյե Ուեսթին։ Նա ինքը գիտի, որ սահմանն անցել է։ Համերգի ժամանակ նա իրավունք չուներ խոսել իմ կնոջ ու երեխաների մասին։ Նա ինքը գիտի, որ ճիշտ չի վարվել։ Մենք նրա հետ այդ մասին հազար անգամ խոսել ենք։ Բայց հարցը դեռ չի լուծվել։ Մեր հարաբերություններն ավելի սառն են դարձել»,-հայտարարել է Ջեյ Զին՝ հավելելով, որ Քանյեին վերաբերում է ինչպես կրտսեր եղբոր։

Աղբյուր՝ TMZ



© NEWS.am STYLE