«Միայն ձեւացնելով, թե ապրում ենք, մենք չենք ապրում». Սերժ Թանկյանը նշում է ծննդյան 50-ամյակը (ֆոտո/վիդեո)

14:25   21 օգոստոսի, 2017
Ամերիկահայ հայտնի երաժիշտ, System of a Down աշխարհահռչակ խմբի հիմնադիր Սերժ Թանկյանն այսօր՝ օգոստոսի 21-ին, նշում է ծննդյան 50-ամյակը: Թանկյանը համարվում է ռոք ժանրի լավագույն մենակատարներից մեկը:

SOAD-ի կիթառահար Դարոն Մալաքյանին Թանկյանը հանդիպում է 90-ականներին. նրանք միասին հիմնում են System of a Down խումբը, որը մինչ այսօր աշխարհում ամենահայտնի խմբերից է:

SOAD-ի երգերն առանձնահատուկ սիրված են նաեւ Հայաստանում: Այս մասին վկայում է խմբի՝ 2015 թ-ին կայացած երեւանյան մեծ մենահամերգը, որի ընթացքում Հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չկար:

Թանկյանը հանդես է գալիս անարդարությունները դատապարտող ելույթներով։ Նա  Axis Of Justice կազմակերպության համահիմնադիրն է, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Սերժը նաեւ մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի Միացյալ Նահանգներն ու Թուրքիան ճանաչեն եւ ընդունեն  Հայոց Ցեղասպանությունը:

Աշխարհահռչակ երաժիշտի ամահետաքրքիր մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.

«Սկզբում մենք կռվում էինք հանուն կրոնի, հետո՝ հանուն Կոմունիզմի: Իսկ հիմա մենք կռվում ենք հանուն թմրանյութերի եւ ահաբեկչությունների: Մեր սկզբունքները միշտ փոխվում են…»:

«Անկեղծ ասած՝ երբեմն ավելի լավ է ունենալ որակով բռնապետ, քան քնած դեմոկրատիա»:

«Միայն ձեւացնելով, թե ապրում ենք, մենք չենք ապրում»:

«Երբեմն սիրային գեղեցիկ երգն ավելի շատ կարող է փոխել աշխարհն ու ստեղծել դրական էներգետիկա, քան քաղաքական բնույթի ցանկացած երգ»:

«Քաղաքակրթությունը ձախողում է: Մենք միասին պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել սիրո եւ խաղաղության համար»:

«Երաժշտության մասին ամենակարեւոր բանը, որը հասկացել եմ, այն է, որ դրա միջոցով մենք կարող ենք հասնել ճշմարտությանը»:

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր արտիստ պետք է հետեւի իր սրտին եւ հոգուն, ոչ թե նրան, թե ինչ է իրենից ակնկալում հասարակությունը»:

«Երաժշտությունը ոգեշնչում է արտիստին, որը հետո ոգեշնչում է ունկնդրին. սա փոխադարձ գործընթաց է»:

«Մարդիկ ինձ հաճախ հարցնում են՝ արդյոք անհրաժե՞շտ է, որ քաղաքական թեմաներով երաժշտություն ներկայացնող խմբերի թիվն ավելանա: Ես պատասխանում եմ՝ ոչ»:

«Չեմ ցանկանում իմ ամբողջ ժամանակն անցկացնել ակտիվիստ լինելով: Ես դրանից բավականություն չեմ ստանում: Ավելի լավ է՝ այլ բանով զբաղվեմ. ես երաժիշտ եմ»:



© NEWS.am STYLE