«Ամենավատ ու անդուր կերպարից մինչեւ ամենանուրբ կերպարը կմարմնավորեի». Տիգրան Մակարյան

15:05   22 օգոստոսի, 2017

«Կինոյի մասին» խորագրի շրջանակներում այս անգամ NEWS.am STYLE-ի հարցերին պատասխանել է հեռուստասերիալներից եւ «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմից հայտնի դերասան Տիգրան Մակարյանը։

«Բոլոր ժանրերի ֆիլմեր էլ սիրում եմ, չունեմ կոնկրետ նախասիրություն. ցանկացած ժանրի լավ ֆիլմ դիտում եմ: Հիմա ոչ այդքան հաճախ, բայց երբ ազատ եմ լինում, անպայման ֆիլմեր եմ դիտում»,-ասում է Տիգրանը՝ հավելելով, որ շատ հայտնի ֆիլմեր կան, որտեղի կերպարներին կցանկանար մարմնավորել:

«Կդժվարանամ առանձնացնել կոնկրետ որեւէ կերպար, որովհետեւ, իրոք, շատ-շատ են: Կարելի է ասել՝ Հոլիվուդի բոլոր դերասանների լավագույն կերպարներին կուզենայի մարմնավորել :)»։

Դերասանը, սակայն, դժվարացավ նշել որեւէ կոնկրետ ճանաչված ռեժիսորի, որի հետ կցանկանար աշխատել, փոխարենն ընդգծեց.

«Ինձ թվում է՝ ցանկացած դերասան համաշխարհային ճանաչում ունեցող ցանկացած ռեժիսորի հետ կուզենա աշխատել՝ անկախ ձեռագրից եւ աշխատելաոճից: Բոլորից կարելի է անգին դասեր քաղել»:

Իսկ Տիգրանի սիրելի դերասանների ցանկը շատ երկար է.

«Ալ Պաչինո, Ռոբերտ Դե Նիրո, Մորգան Ֆրիման, Թոմ Հարդի, Մարլոն Բրանդո, Էնդի Գարսիա, Ջեք Նիքոլսոն, Դասթին Հոֆման, Դենզել Վաշինգթոն, Թոմ Հենքս...եւ շատ ու շատ այլ դերասանների կարող եմ նշել»:

Դերասանը նշում է՝ չկա մի հերոսի տեսակ, որին մարմնավորելով միայն կցանկանար սահմանափակվել.

«Կարելի է ասել՝ վերը նշված դերասանների խաղացանկի բոլոր կերպարներին էլ, անկախ իրենց տեսակից, կցանկանայի մարմնավորել: Ինձ միայն կատակերգական ժանրում չեմ պատկերացնում: Մնացած ժանրերում կցանկանայի աշխատել: Ամենավատ ու անդուր կերպարից մինչեւ ամենանուրբ կերպարը կմարմնավորեի»,-ասում է դերասանը, որին խնդրեցինք ներկայացնել նաեւ իր ամենասիրելի ֆիլմերի ցանկը.

«Այս տեսանկյունից չեմ կարող ներկայացնել ըստ հորիզոնականների, ոչ էլ կհամարակալեմ դրանք, բայց «Մայրիկ» ֆիլմն ինձ համար ամեն ինչից վեր է: Սա ֆիլմ է, որով կարելի է ճանաչել հայի տեսակը, հասկանալ, թե ինչ է ընտանիք ասվածը: Այնուհետեւ կառանձնացնեմ «1+1», «Կանաչ մղոնը»/The Green Mile, «Անելիքների ցանկը»/The Bucket List եւ «Կնքահայրը»/The Godfather ֆիլմերը»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE