«Պարտավորեցնող էր այն փաստը, որ իրական հերոսուհին դիտելու է իմ խաղը». Թամարա Գեւորգյանը՝ «Իմ անցյալի դիմանկարը» ֆիլմի մասին

12:08   24 օգոստոսի, 2017

Սեպտեմբերի 7-ից մեծ էկրաններին կհայտնվի ռեժիսոր Ֆիլիպ Պողոսյանի «Իմ անցյալի դիմանկարը» մելոդրաման, որի գլխավոր դերերում հանդես են գալիս սերիալներից հայտնի դերասանուհի Թամարա Գեւորգյանն ու Ֆիլիպ Պողոսյանը:

NEWS.am STYLE-ը հետաքրքիր զրույց է ունեցել ֆիլմում առաջին անգամ դրական հերոսուհու մարմնավորող Թամարա Գեւորգյանի հետ, որը հատուկ մեր ընթերցողների համար բացահայտել է նկարահանման հետ կապված մի շարք մանրամասներ.

«Նկարահանման աշխատանքները սկսվել են անցած տարի, եթե չեմ սխալվում՝ նոյեմբեր ամսից: Նախապատրաստական աշխատանքները չհաշված՝ նկարահանման գործընթացը տեւեց մոտ 2 ամիս: Ֆիլմում մարմնավորում եմ գլխավոր հերոսուհու՝ Մարիայի կերպարը: Ինձ շատ գրավեց այն. դրական հերոսուհու իմ առաջին փորձն էր ֆիլմում: Որպես դերասանուհի՝ ինձ հետաքրքիր էր ներկայանալ նաեւ դրական կերպարով: Ֆիլմի հետ կապված ինձ գրավեց նաեւ հավաքված խումբը. նրանք իրենց գործի նվիրյալներն են»,-նշեց Թամարան՝ խոսելով նաեւ իր հերոսուհու հիմնական գծերի մասին.

«Մարիան սովորական աղջիկ է, որի համար Դավիթի՝ գլխավոր հերոսի հետ ունեցած կապն ուղղակի կյանքի էպիզոդ է: Ինքն էլ չհասկանալով` մեծ հետք է թողնում Դավիթի կյանքում: Մարիան կենսուրախ է, սկզբունքային եւ ինքնուրույն: Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա, ու չափազանց հետաքրքիր էր ունենալ հնարավորություն` շփվելու իրական հերոսների հետ: Մարիայի հետ, ցավոք, շփում չկարողացա ունենալ, բայց նրա նկարները բավականին երկար եմ ուսումնասիրել: Ինձ համար պարտավորեցնող էր այն փաստը, որ իրական հերոսուհին դիտելու է իմ խաղը»:

Դերասանուհու խոսքով՝ կերպարի մեջ մտնելու դժվարություն չի ունեցել.

«Հերոսուհու հոգեվիճակի մեջ մտնելը հեշտ էր, քանի որ նկարահանումներից առաջ բավականին լուրջ ու երկար նախապատրաստական աշխատանքներ ենք ունեցել: Ժամերով խոսում, վերլուծում էինք, տարբերակներ ու արտահայտչամիջոցներ էինք մտածում: Նույնիսկ հանդգնեցի սցենարի մեջ մի քանի փոքրիկ փոփոխություններ առաջարկել, որոնք խմբի կողմից ընդունվեցին»,-ասում է նա՝ հավելելով.

«Նկարահանումները բավականին ծանր են եղել, օրեր են եղել, որ 23 ժամ աշխատել ենք: Ես հիացած եմ ամբողջ խմբով, որովհետեւ ցրտից ու հոգնածությունից միայն ես էի նվնվում :)»:

Թամարայից հետասքրքրվեցինք նաեւ, թե իր կարծիքով ինչով է տարբերվում այս նոր մելոդրաման եւ ինչպիսի արձագանք է ակնկալում հանդիսատեսից.

«Անկեղծ պետք է լինեմ ու ասեմ, որ հուզվում եմ բավականին շատ…Ֆիլմը շատ ժապավեններից տարբերվում է նրանով, որ կոնկրետ ոչ մի հատուկ բան արված չէ այն վաճառվող դարձնելու համար: Ուզում եմ հանդիսատեսը դա տեսնի, իսկ սպասելիքների առումով ոչինչ չեմ կարող ասել: Պրեմիերայից հետո ամեն ինչ պարզ կլինի»,-եզրափակեց դերասանուհին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE