Կաշվե բաճկոն. հավերժ թրենդ

13:26   25 օգոստոսի, 2017

Կաշվե բաճկոնը՝ կոսուխան, դարձել է մեծ քաղաքի ցանկացած բնակչուհու զգեստապահարանի անփոխարինելի իրը: Առաջին սեզոնը չէ, որ այն մեզ օգնում է ոճային եւ զուսպ երեւալ: Այն հեշտ է զուգակցել տարբեր կերպարների եւ ոճերի հետ՝ սպորտայինից մինչեւ ամենառոմանտիկ: Եթե մեկ այլ վերնազգեստ կարող է բարդացնել կամ նույնիսկ փչացնել ամբողջ գիծը, ապա կոսուխան կարող է պարզորեն եւ նրբագեղորեն լրացնել ունիվերսալ ամբողջ հանդերձանքը: Դիզայներներից շատերը պնդում են, որ կոսուխան երբեք նորաձեւությունից դուրս չի գա. must have` շատ սեզոններ ու տարիներ:

Որպես կանոն՝ կոսուխան պատրաստվում է կաշվից, սակայն վերջին շրջանում նորաձեւ դիզայներները նաեւ այլ նյութեր են ակտիվորեն օգտագործում: Այս աշնանը կարելի է փորձարկել տարբեր նյութեր՝ վելյուր, թավիշ, վինիլ, կաշի, դենիմ:

2018 թվականին առանձնապես տարածված կլինեն հրակարմիրից մինչեւ գինեգույնի բոլոր երանգները, պաստելային տոները եւ ամենաէքստրավագանտ գույները: Այս աշնանը նորաձեւությունն այնքան ներողամիտ է, որ կարելի է գուներանգն ընտրելիս ցանկացած չարաճճիություն եւ քմահաճություն թույլ տալ:

Օրինակ՝ առաջին ժամադրության համար կարելի է նախապատվություն տալ նուրբ վարդագույն կոսուխային, որը ռոմանտիկայի եւ պատանեկան միամտության տրամադրություն կփոխանցի:

Բաճկոնին հրաշալի կհամապատասխանի մոխրագույնի եւ երկնագույնի ամենատարբեր երանգներով պլիսե կիսաշրջազգեստը: Սպիտակ կեդերը կերպարին թեթեւություն կհաղորդեն, իսկ կոշիկները կամ գինեգույն կիսաճտքավորները՝ հրապույր: Եվ ավելի քիչ աքսեսուարներ օգտագործեք. այս սեզոնին կմոռանանք ահռելի ականջօղերի կամ վզնոցների մասին:

Այս սեզոնին գլխավոր թրենդն է հրամարջանային կոսուխան: Մի վախեցեք այն համադրել կարմիր տաբատի կամ զգեստի, ջինսի, զանազան երանգների գործված զգեստի հետ: Կարմիր կոսուխան հարմար է կնոջ էպատաժային եւ հանդուգն կերպար ստեղծելու համար, որը չի վախենում իր՝ անհատականություն եւ զգացմունքային լինելուց:

Չնայած բորդոն եւս կարմիրին է դասվում, այս գույնի կոսուխան համեստ եւ զուսպ է դիտվում: Ընդհանրապես, դիզայներները մեզ ընտրության եւ երեւակայության լիակատար ազատություն են տվել, գլխավորը չամաչելն է:

Հաճախ կարելի է տեսնել, որ հարսնացուներն իրենց կերպարը լրացնում են սպիտակ կոսուխայով, որն այնքան ներդաշնակ է համադրվում, թվում է, անհամադրելի հանդերձանքին: Իհարկե, տարբերակը դասական չէ, սակայն թրենդային է եւ անչափ էֆեկտիվ:

Դե, նաեւ չձանձրացնող դասականը՝ կաշվե սեւ կոսուխան, որը բոլոր ժամանակների բազային տարրն է դարձել: Թեթեւակի սադրիչ եւ ըմբոստ, բայց միաժամանակ՝ նրբագեղ եւ զուսպ բաճկոնը ցանկացած look-ի համար օպտիմալ լուծում է: Կարճացված կամ երկարացված սեւ կոսուխան աշնանային վատ եղանակի եւ քամու պայմաններում գերազանց տարբերակ է: Կաշվե սեւ բաճկոնը առաջիկա տարվա գլխավոր թրենդներից մեկն է: 

2017 թվականին կանանց կոսուխաների ուշագրավ դետալն են սեպերը եւ շղթաները: Իհարկե, նման բաճկոններ կընտրեն պատանի նորաձեւամոլները, որոնք շատ են ուզում աչքի ընկնել եւ իրենց վրա գրավել շրջապատի ուշադրությունը: Նման դեկորը հիմնականում տեղադրված է օձիքին, ուսերին եւ թեւերին, ինչը վերնազգեստին  ոճային կոպտություն է հաղորդում: Սեպերը, շղթաները եւ ճարմանդները պարտադիր պետք է լինեն կաշվե իրերի վրա, ցանկալի է՝ սեւ եւ կարմիր, որ առավելագույնս ագրեսիվ եւ հանդուգն դիտվեն:

Եթե նախկինում ընդունված էր, որ կոսուխաներ պետք է հագնեն միայն «իսկական տղամարդիկ», ինչպիսին էին Մարլոն Բրանդոն կամ Էլվիս Փրեսլին, որը եւ կոսուխային հմայք ու ոճ հաղորդեց, ապա այսօր յուրաքանչյուր նորաձեւամոլ տղամարդ եւ կին պարզապես պարտավոր է այս վերնազգեստի գոնե մեկ օրինակ ունենալ:

Ոգեշնչվեք, գնեք եւ հագեք...

 

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE