Մի հայ աղջկա օրագրից. Ասք՝ «մի բաժակ ջուր տվող ունենալու» մասին

21:06   5 սեպտեմբերի, 2017
Այս հոդվածը կարող էր վերնագրված լինել «Ամուսնանալը պարտադիր չէ», բայց քանի որ մտավախություն կա, որ կպիտակավորվեմ որպես ազգի թշնամի՝ փորձելով խոչընդոտել դեմոգրաֆիական աճն ու «հայու գենի» պահպանումը, ապա դուք տեսնում եք այն, ինչ գրված է վերեւում: Իսկ հիմա՝ ըստ էության:

Ամեն անգամ, երբ հանդիպում եմ 30-ն անց չամուսնացած կանանց՝ գեղեցիկ, խնամված, ճաշակով հանգնված, կրթված ու լավ աշխատանքով, ուզում եմ փաթաթվել ու ասել՝ «հալալ է» ձեզ, ինչպիսի՜ դիմացկունություն, ինչպիսի՜ կամքի ուժ… Ինչպե՞ս եք դիմակայել անթիվ, անհամար «ինչու չես ամուսնանում»-ներին եւ շարունակել աճել, զարգանալ, չկոտրվել ու չհանձվնել՝ կյանքը կապելով մի անհաջողակի հետ, որն ամեն հարմար առիթի դեպքում դավաճանելու էր ձեզ էժանագին խանութի վաճառողուհու կամ, վատագույն դեպքում, որեւէ «ճ կլասի» քոլեջի ուսանողուհու հետ:

Չէ, մեծ հաշվով ես դեմ չեմ ամուսնանալուն, ընտանիքի մոդելին առհասարակ, բայց ես դեմ եմ բոլոր այն ամուսնություններին, որոնք լինում են ճնշման կամ պահի ազդեցության տակ, «մի բաժակ ջուր տվող ունենալու» համար, էլ չեմ խոսում՝ պարտադրվող ամուսնությունների մասին:

Իհարկե, խելացի, կրթված աղջիկներին դժվար է ստիպել ամուսնանալ առանց ցանկության եւ սիրո, կմտածեք դուք, իսկ ես կասեմ, որ ամուսնությունը, սիրելու եւ սիրված լինելու եւ մայրանալու բնազդն այնպիսի բան են, որ վաղ թե ուշ այցելում են ցանկացած աղջկա՝ ցանկացած տարիքում, լինի նա աշխարհի ամենախելացին, թե ամենատգետը: Պարզապես խելացիները կարողանում են սպասել՝ դիմադրելով իրենց ուղղված բազում հարցերին, տարօրինակ դիտողություններին եւ հայացքներին՝ շատ լավ հասկանալով, որ իրենք են իրենց կյանքի տերը, որ դժբախտ ամուսնության դեպքում որեւէ բարեկամ կամ հարեւանուհի չի գա եւ չի սրբի իր արցունքները, չի խնամի իր երեխային՝ մինչ նա կշտապի վերականգնել աշխատանքը, որպեսզի ապահովի երեխայի բարեկեցիկ կյանքը:

Եվ ես պատրաստ եմ վիճարկել բոլոր այն պնդումները, թե աշխատանքը, կարիերան ոչինչ չեն տա, երբ մնաս միայնակ: Երեխաները, որքան էլ զարմանալի է, մեծանալու հատկություն ունեն. նրանք հասունանում են, ուսում ստանում, սկսում աշխատել, ամուսնանում կամ պարզապես տեղափոխվում այլ երկիր, մի խոսքով՝ իրենց կյանքը կառուցում, եւ մի օր դու հասկանում ես, որ մնացել ես ձեռնունայն՝ կենցաղային հոգսերի մեջ թաղված՝ ապրելով միայն երեխայի մեկ զանգով, որը գնալով այնքան հազվադեպ է հնչում …

Ես չեմ ասում, թե պետք չէ ամուսնանալ, երեխաներ ունենալ: Ի վերջո, երեխաները հրաշք են, թերեւս՝ միակ հրաշալի բանն այս աշխարհում, հարցն այն է, թե ինչու է մեր հասարակության մեջ կարծրացած այն միտքը, թե կարիերան եւ ընտանիքը միմյանց խանգարում են: Ինչու են բոլորը կարծում, որ շատ աշխատելու արդյունքում է, որ կանայք չեն ամուսնանում, որ ժամանակ չեն ունենում ընտանիք կազմելու համար…

«Դե, արագացրու, շատ ես ուշացնում», «Չի կարելի այդքան տրվել աշխատանքին, կմնաս միայնակ». վատ երազի պես ամեն առիթով չամուսնացած աղջիկներին է ուղղվում այս արտահայտությունը: Մինչդեռ նա չի ցանկանում այսքան շուտ ամուսնանալ, կամ գուցե սպասում է իր մեծագույն սիրուն, կամ գուցե դժբախտ սեր է ունեցել եւ փորձում է ուշքի գալ չստացված հարաբերություններից, գուցե վախենում է սխալվել, գուցե պատրաստ չէ ընտանեկան կյանքին, գուցե հարմարվել է միայնությանը կամ ծրագրել է ամուսնանալ 35-ից հետո…

Եթե դուք պատկերացնեիք, թե քանի աղջիկ է խաչ քաշել իր երջանիկ կյանքի վրա՝ չդիմանալով ընտանիքի, ընկերների, հասարակության ճնշումներին ու ամուսնանալով առաջին «հարմար» թեկնածուի հետ, որովհետեւ «դե, արդեն ժամանակն է, շատ է ուշացնում»… Չգիտես ինչու, այդքան «հոգատար» հարեւանուհիներն ու բարեկամները երբեք նույնքան հոգատար չեն լինում, երբ, օրինակ, ամուսինը ծեծում է կնոջը կամ դավաճանում:

Մի՛ ամուսնացեք, հարգելի աղջիկներ, եթե չեք սիրում նրան, եթե կարծում եք՝ դեռ վաղ է, եթե պարզապես չեք ցանկանում կամ կյանքի հետ կապված այլ ծրագրեր ունեք: Մի՛ վախեցեք ասել «ոչ», մի՛ վախեցեք, որ ձեզ սխալ կհասկանան, որովհետեւ, անկասկած, ձեզ սխալ կհասկանան:

Երջանկությունն ամուսնության մեջ չէ:  Եթե ամուսնանում եք՝ հույսով, որ վերջապես երջանիկ եք լինելու, միեւնույն է, չեք լինի: Որովհետեւ երջանիկ լինելու համար պարտադիր չէ միայն ամուսնանալ կամ երեխա ունենալ: Երջանկությունն ամենուր է՝ լինի դա ընտանիք, աշխատանք, ճանապարհորդություն, թե կաթնային շոկոլադ՝ դառը սուրճով (թեպետ վերջինի դեպքում ես առավել, քան վստահ եմ, որ 100 տոկոսանոց երջանկությունն ապահովված է))) :

Աննուշկա



© NEWS.am STYLE