«Կյանքը՝ խտացված պարում». արգենտինական տանգոն՝ Երեւանում (տեսանյութ)

11:33   29 օգոստոսի, 2017

«Տանգոն անբուժելի հիվանդություն է»,- ասում է ութ տարի առաջ տանգոյով «վարակված» Արմանը, որն իր ստեղծագործական կեղծանվան համար երկար չի մտածել. ընտրել է հենց տանգո մականունը։

Երեկ «14-րդ հարկ» հյուրանոցի տանիքում հնչում էր արգենտինական տանգո՝ Արգենտինայից ժամանած վարպետների` Մարիանո Լապլումեի եւ Մարալ Կոջայանի մասնակցությամբ։ La Vida Del Tango Argentino դպրոցը հաճախ է նման վարպետության դասեր կազմակերպում, բայց Արմանի խոսքով, հեշտ չէ ատասահմաից հյուրեր հրավիրելը. «Խնդիր ունենք այս կարգի ուսուցիչներ հրավիրելու, քանի որ ծախսը շատ թանկ է»,-ասաց նա։

Արդյոք Հայաստանում արգենտինական տանգոն տարածվա՞ծ է. Արման Տանգոն վստահեցնում է՝ եթե ութ տարի առաջ քաղաքում կարելի էր տանգոյով հետաքրքրված մոտ 20 հոգու գտնել, ապա հիմա նրանց թիվը հասել է 200-ի։

Ինքն անձամբ տանգո պարել սովորել է Իսպանիայում, քանի որ Հայաստանում մի քանի տարի առաջ տանգոյի ուսուցիչներ ընդհանրապես չկային, իսկ հիմա Արմանը հիմնել է տանգոյի սեփական դպրոցը, որտեղ շաբաթական երկու օր դասեր են անցկացնում։ Այցելուները հիմնականում 25 տարեկանից բարձր անձիք են, քանի որ, ինչպես Արման Տանգոն է նշում, պետք է բավականաչափ հասունացած լինես՝ տանգո պարելու համար.

«Տանգոն շատ խորը պար  է։ Ընկերներիցս մեկը շատ լավ բան ասաց մի օր՝ տանգոն, ասես, կյանքը լինի՝ խտացված»։

Ի դեպ, արգենտինական տանգոյի դպրոցը յուրաքանչյուր կիրակի կազմակերպվում է միլոնգաներ՝ արգենտինական տանգոյի երեկոներ, որին մասնակցում են ինչպես տեղացիներ, այնպես էլ՝  դրսից ժամանած հյուրեր։



© NEWS.am STYLE