15:35 30 օգոստոսի, 2017«Հմայքի գաղտնիքները» խորագրի այսօրվա զրուցակիցը Հայաստանի ամենաօրիգինալ մոդելներից մեկն է՝ Գոգ Մունը, որը շատերին հմայում է ոչ միայն իր նուրբ դիմագծերով, սլացիկ կազմվածքով, այլեւ վառ շիկահերի հետաքրքիր կերպարով։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Գոգը բացահայտեց գեղեցիկ կառուցվածք ունենալու որոշ գաղտնիքներ․
«Առավոտս սկսում եմ կես լիտր ջրով, որից մեկ ժամ անց նախաճաշում եմ․․․ թեթեւ սնունդ՝ մրգային շեյք կամ ուղղակի մրգեր, կամ էլ բանջարեղենային ինչ-որ աղցան․․․ ճաշին ու ընթրիքին հստակ սննդակարգ չունեմ, քանի որ գիրանալու հակում չունեմ, ուտում եմ երբ ու ինչքան ուզում եմ։ Չեմ օգտագործում յուղոտ կամ տապակած սնունդ, չեմ օգտագործում նաեւ գազավորված ըմպելիքներ։ Իրականում ֆասթ ֆուդի սիրահար եմ, բայց աշխատում եմ չչարաշահել»,-ասում է գեղեցկուհին՝ հավելելով․

«Քնում եմ շատ ուշ ու քիչ, ինչը շատ վատ է:) Իրականում մարզումներն ու սննդակարգը օգուտ չեն տա, եթե քունդ կարգավորված չլինի»։
Մոդելը կարեւորում է նաեւ սպորտով զբաղվելու գործոնը․
«Սպորտով զբաղվում եմ արդեն 2 տարի։ Մարզասրահ եմ այցելում՝ բացառությամբ վերջին մի քանի ամիսները, քանի որ զբաղված եմ լինում, բայց տանն ունեմ իմ մարզվելու անկյունը»։

Գոգ Մունը կարծում է՝ «գեղեցիկ զգալու համար կնոջը սիրված ու գնահատված լինելը բավական է, բայց դրա համար կինն առաջնահերթ պետք է ինքն իրեն սիրի եւ հարգի, խնամված լինի, միշտ զբաղվի իր ներաշխարհի ներդաշնակ լինելով՝ բարի լինի, շատ սեր տա ամեն ինչին, իր աշխատանքին, իրեն շրջապատող իրերին, ընտանիքին եւ այլն։ Այս թեմայով կարող եմ անվերջ խոսել»,-ասում է նա։

Կանանց եւ աղջիկներին մոդելը խորհուրդ է տալիս ճիշտ օգտագործել ազատ ժամանակը․ «Դա խորհուրդ կտամ ներդնել ինքնազարգացման, կայացման ու ինքնահաստատման մեջ՝ առանց որեւէ մեկին քննադատելու, առանց համեմատվելու։ Հայ կանայք ու աղջիկներն ամենագեղեցիկն են»,-նշեց նա։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Գոգ Մունի Facebook-ի էջից