Ովքե՞ր Երեւանում անակնկալ այցելեցին իրանցի երգչուհի Գուգուշին (ֆոտո/վիդեո)

21:06   30 օգոստոսի, 2017

«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Երկար տարիների իմ երազանքն էր Երեւանում մենահամերգ ունենալը: Վերջապես մենք դա իրականացրեցինք»,-այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանցի հայտնի երգչուհի եւ դերասանուհի Գուգուշը, որն այս օրերին Հայաստանում է: Երգչուհին վաղը՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա մեծ մենահամերգով:

«Այստեղ ես, ասես, մոտ լինեմ իմ հայրենիքին: Ամենուրեք շատ հայերի եմ ճանաչում, շատ հայ ընկերներ ունեմ, այդ պատճառով էլ ես հայերեն էլ եմ երգելու»,-նշեց երգչուհին, որը 20 տարվա դադարից հետո մեծ ոգեւորությամբ է պատրաստվում իր երեւանյան առաջին մենահամերգին.

«Իհարկե, արտիստի համար դժվար է իր աշխարհից հեռու լինելը, իսկ իմ աշխարհը բեմն է: Իմ հայրենիքում ոչ միայն ինձ, այլեւ, առհասարակ, կանանց չի թույլատրվում երգել, բայց ես չէի կարող լքել երկիրն անօրինական կերպով, անձնագիր չունեի, մի շարք դժվարությունների եմ հանդիպել, բայց ես որոշեցի լուռ համակերպվել եւ սպասել եւ, ահա, վերջապես հայտնվեցի ասպարեզում»,-ասում է նա:

Երգչուհին խոստովանում է՝ Հայաստանի մասին մտածելիս առաջնահերթ մտաբերում է հայկական երաժշտությունը, քանի որ իր իսկ խոսքով՝ հայերը մեծ ներդրում են ունեցել երաժշտական աշխարհում:

NEWS.am STYLE-ի հարցին, թե ինչ անակնկալներ են լինելու վաղվա մենահամերգի ընթացքում, երգչուհին նախընտրեց կարճ պատասխանել.

«Մեծամասամբ կհնչեն իրանական երգեր, բայց նաեւ կկատարեմ երգեր հայերեն, իսպաներեն, անգլերեն լեզուներով: Իսկ թե ինչ հայկական երգեր կներկայացնեմ, դա թող մնա անակնկալ»:

Իսկ հանդիպման վերջում Գուգուշին ջերմ անակնկալ  էր սպասվում: Սրահում հայտնվեց նրա հոր լավագույն ընկերը՝ Թեհրանում հայտնի հայազգի երգիչ Գուգուշ (Գուրգեն) Վանաքին, ում պատվին էլ երգչուհին տարիներ առաջ ընտրել էր իր բեմական կեղծանունը: Ավելի ուշ նրան ողջունելու եկավ նաեւ երգչուհի Լիլիթ Կարապետյանը՝ որդու հետ:

Գուգուշի հետ հանդիպման էմոցիոնալ պահերը՝ տեսանյութում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE