Լեոնարդո դի Կապրիոն մեկ միլիոն դոլար է փոխանցել «Հարվի» փոթորկից տուժածների օգնության հիմնադրամին

13:11   31 օգոստոսի, 2017

«Հարվի» փոթորիկը հարվածել է ամերիկյան Թեքսաս նահանգին՝ հեղեղելով Հյուսթոն քաղաքն ու ավերածություններ առաջացնելով ամբողջ նահանգում:


Սա վերջին 12 տարիների ընթացքում ամենահզոր փոթորիկն էր ԱՄՆ-ում: Վերջին տվյալներով՝ այն արդեն 30 մարդու կյանք է խլել: Նահանգի մեծ մասը ջրի տակ է հայտնվել:
Իսկ մինչ փոթորիկը շարժվում է Լուիզիանա նահանգի ուղղությամբ, Հոլիվուդի աստղերը միավորվել են՝ տարերային աղետից տուժածներին օգնելու համար:
Կարմիր խաչին կարիքավորների օգնության համար գումար են փոխանցել Սանդրա Բուլոքը (մեկ միլիոն դոլար), Քեթի Փերին, Բեյոնսեն (ասում են՝ երգչուհին 7 մլն դոլար է նվիրաբերել), Ջեյ Զին, Դուեյն Ջոնսոնը, Քարդաշյանների ընտանիքը:


Քիմը կես միլիոն դոլար է փոխանցել:

Հիմա էլ, ըստ Chicago Tribune-ի, նորաստեղծ United Way Harvey Recovery Fund հիմնադրամին մեկ միլիոն դոլար է փոխանցել նաեւ Լեոնարդո դի Կապրիոյի հիմնադրամը:

«Անչափ շնորհակալ ենք Լեոնարդո դի Կապրիոյին եւ նրա հիմնադրամին՝ առատաձեռնության համար: «Հարվի» փոթորկի հասցրած վնասը մեզանից լավագույնն է պահանջում»,- հայտարարել է հիմնադրամի ներկայացուցիչ Բրայան Գալահերը:



© NEWS.am STYLE