Գլխավոր կանոնը տղամարդկանց հետ հարաբերություններում

18:43   20 հոկտեմբերի, 2017

Տղամարդը կնոջից հավաստիացումներ է ակնկալում

Դրանք արտահայտվում են նրանում, թե ինչպես է խոսում կինը, ինչպես է արձագանքում տղամարդու հպումներին, ինչպես է ընդհանրապես վերաբերվում տղամարդուն։ Տղամարդու հետ ցանկացած շփման ձեւով կինն, ասես, ցույց է տալիս, թե ինչ է իրենից ներկայացնում տղամարդը, հետեւաբար կինը տղամարդու վստահության գլխավոր աղբյուրն է։

Շփում՝ ահա, թե ինչն է կարեւոր։ Չնայած տղամարդիկ «աչքերով են սիրում», բայցեւայնպես կանայք երբեմն գերագնահատում են արտաքինի դերը հարաբերություններում։ Արտաքինը տարիքի հետ փոխվում է։ Իսկ երկարատեւ հարաբերությունները հնարավոր չէ կառուցել որեւէ փոփոխական հիմքի վրա։ Չնայած ձեր արտաքինը կարող է գրավել տղամարդու ուշադրությունը, բայց հենց շփվելու ունակությունը կարող է տղամարդուն համոզել, որ դուք նրան հասկանում եք, միշտ աջակցում եք նրան՝ ահա, թե ինչն է նրան պահում ձեր կողքին։ Անկեղծ ու մտերիմ շփումն է այն գլխավոր գործոններից մեկը, որոնց տղամարդն ուշադրություն է դարձնում կանանց հետ հարաբերություններում։ Խոսքն, իհարկե, լուրջ հարաբերությունների մասին է։

Տղամարդիկ առանց այդ էլ առանձնապես շփվող չեն, հատկապես զգացմունքներն արտահայտելու հարցում։ Իսկ եթե կինն էլ է այդպիսին՝ ապա այդ հարաբերությունները դատապարտված են ձախողման։ Ասեք այն, ինչ մտածում եք, ու մտածեք այն, ինչ ասում եք, առանց որեւէ բան թաքցնելու ու առանց մշուշոտ ակնարկների։ Տղամարդը չի ուզում մոլորվել՝ փորձելով կռահել, թե ինչն է ձեզ անհանգստացնում։ Նա չի ուզում անընդհատ գուշակել, թե ինչ եք իրենից ակնկալում։ Նա ուզում է ձեզնից հստակ ազդանշան ստանալ, ու այդ դեպքում, վստահ եղեք, նա էլ հստակ կարձագանքի դրան։

Կարեւոր է հասկանալ, որ բաց ու շիտակ շփումը տղամարդու բնական պահանջներից մեկն է։ Ընդ որում` կարեւոր է ուշադրություն դարձնել ձեր շփման ձեւի, ձայներանգի վրա, քանի որ տղամարդը անհարգալից կամ քամահրական վերաբերմունք չի հանդուրժի։

Կանայք շատ զարգացած ինտուիցիա ունեն, նրանք չափազանց խորաթափանց են

Ահա, թե ինչու են նրանք հեշտությամբ հասկանում ակնարկները ու ճիշտ գնահատում իրավիճակը։ Բայց տղամարդիկ «գաղտնի կոդեր» վերծանելու ցանկություն չունեն։ Նրանք ուզում են, որ ամեն ինչ հստակ ու պարզ լինի։ Եթե տղամարդը սիրում է ձեզ, ապա նա բնազդորեն ուզում է ձեզ երջանկացնել։ Իսկ եթե դա նրան որեւէ չի հաջողվում՝ պատճառն այն չէ, որ նա նման ցանկություն չունի, այլ այն, որ ձեր միջեւ բավարար շփում չկա։ Երբ տղամարդը հստակ գիտի, թե ինչ են ակնկալում իրենից, նա դա անում է։



© NEWS.am STYLE