Հինգ վայր Երեւանում, որտեղ կարելի է մատչելի սնվել

13:22   1 սեպտեմբերի, 2017

Երեւանը զարմանալի է նրանով, որ այստեղ կարելի է լավ զգալ ե՛ւ հազարավոր դոլարներով, ե՛ւ մի քանի հազար դրամով: Եթե ձեր բախտն այնքան էլ չի բերել եւ ձեզ մոտ երկրորդ տարբերակն է, մի հուսահատվեք, մենք մի քանի բյուջետային հաստատություն ենք գտել, որտեղ կարելի է համեղ եւ ոչ շատ թանկ սնվել:

Երեւանի կենտրոնում յուրաքանչյուր անկյունում սրճարաններ եւ ռեստորաններ կան, որտեղ կարելի է մատչելի գներով նախաճաշել, ճաշել կամ ընթրել: Մենք գտել ենք 5 վայր՝ խելացի տնտեսելու համար: Իսկ մնացած գումարով կարող եք նվերներ եւ հուշանվերներ գնել, ժամանակ անցկացնել «վարդագույն» քաղաքում կամ քաղաքից դուրս գնալ ու պատմական տեսարժան վայրերը դիտել:

SAS FOOD COURT

Ժողովրդավարական գները՝ նորմալ հասարակության եւ համեղ հայկական, վրացական, եվրոպական խոհանոցներով, այս հաստատությունը յուրովի ճանաչված են դարձրել: Այստեղ կարելի է գտնել ամեն ինչ. ապուրներ, հնդկաձավար եւ պիցցա, այլ ուտեստներ: Հենց ձեր աչքի առջեւ թոնրում հաց ու լավաշ են թխում, մսով եւ կարտոֆիլով կարկանդակներ տապակում, կոկտեյլներ եւ տորթ պատրաստում:

Հսկայական լուսավոր տարածք, մաքուր սեղաններ ու սպասք, բարեհամբույր անձնակազմ. մի խոսքով՝ հյուրընկալ եւ հաճելի մթնոլորտ: Ըմպելիքներից առկա են սուրճ, սմուզի եւ գազավորված ըմպելիք, որը, անկեղծ ասած, չափազանց քաղցր է: Բայց... այստեղ մատուցում են ամենահամեղ լահմաջոն, որ փորձել եմ Երեւանում: Իհարկե՝ հարկավոր է 20-25 րոպե սպասել, մինչեւ պատրաստեն: Իսկ այս հաստատության գլխավոր առավելություններից մեկն ուտեստների հսկայական չափաբաժինն է:

Մեկ մարդու լիարժեք ճաշի հաշիվը՝ 1500 դրամ

Karas

«Կարաս» գնում են հայկական արագ խոհանոցի համար: Այստեղ կգտնեք հայկական սպաս (թանապուր), քյուֆթա, մսով եւ պահքի տոլմա, խաշ եւ խորոված: Որպես քաբաբի սիրահար՝ կարող եմ ասել, որ այն այստեղ այնքան էլ հաջող չէ. չափազանց չոր է: Բայց սպասն անպայման կհավանեք՝ հաշվի առնելով, հատկապես, չափաբաժինն ու բույրը: Բացի այդ՝ այստեղ համեղ թան են մատուցում. չափավոր թթու եւ չափավոր աղի:

Ինտերիերը պարզունակ է՝ փայտե սեղաններ եւ աթոռներ, ոչ մի առանձնահատուկ բան: Բայց ամենակարեւորն այն է, որ այստեղ կարելի է ոչ թանկ, համեղ ու կուշտ ճաշել կամ ընթրել: Այս ցանցը ռեստորաններ ունի Երեւանի բոլոր շրջաններում, այդ պատճառով ցանկացած զբոսաշրջիկ կամ տեղացի կարող է առանց դժվարության գտնել այն:

Միջին հաշիվը՝ 1500 դրամ

Grand Candy պոնչիկանոց

Այո, այստեղ լիարժեք ճաշ չեք գտնի, փոխարենը կարող եք համեղ նախաճաշել կամ արագ մի բան ուտել նախաճաշի ու ճաշի արանքում: Մաշտոցի պողոտայում գտնվող պոնչիկանոցը գրեթե պատմական վայր է եւ հայտնի է ցանկացած երեւանցու: Այստեղ արդեն բազմաթիվ տարիներ պոնչիկ (փքաբլիթ) են պատրաստում՝ հատուկ բաղադրատոմսով կրեմով: Կա նաեւ տաք շոկոլադ, սուրճ, թեյ:

Միջին հաշիվը՝ 500 դրամ

«Տաշիր» պիցցա

Տեղական պիցերիայում իսկապես համեղ է ու թանկ չէ: Ցանկացած պիցցայի մեկ կտորի համար 350 դրամ կվճարեք:

Ի դեպ՝ այս հաստատության գլխավոր առանձնահատկություններից է այն, որ կարելի է վերցնել ոչ թե ամբողջ պիցցան, այլ, ասենք, մեկ կամ մի քանի տարբեր կտոր: Ճաշացանկում ոչ թանկ նախաճաշեր կան, աղցաններ, տաք ուտեստներ, աղանդեր եւ թխվածք: Ինտերիերը միանգամայն հարմարավետ է:

Միջին հաշիվը՝ 1500 դրամ

Aries

Ճաշարանը գովաբանում են ամենից առաջ նորմալ գների եւ համեղ ուտելիքի համար: Այստեղ կարող եք գտնել ոչ թանկ ապուրներ, աղցաններ, կարկանդակներ, տաք ուտեստներ, բանջարեղենային ռագու: Կա նաեւ կիտրոնի հյութ եւ սուրճ, պահքի եւ բուսակերների ճաշացանկ:

«Aries»-ում մաքուր է եւ հարմարավետ՝ ինչպես տանը: Հաստատությունը գործում է աշխատանքային օրերին մինչեւ երեկոյան 6-ը:

Միջին հաշիվը՝ 1500 դրամ

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE