Զեյն Մալիքն ու Սիան միասին սինգլ կթողարկեն

17:06   2 սեպտեմբերի, 2017

Զեյն Մալիքն ու Սիան միասին սինգլ կթողարկեն, գրում է Daily Mail-ը: Երգը կկոչվի Dusk Till Dawn («Մայրամուտից արեւածագ». հայտնի չէ` արդյո՞ք երգի անվանումը կապ ունի Տարանտինոյի գլուխգործոցի հետ):

Զեյնը Twitter-ում երգի պաստառն է հրապարակել, որում պատկերված է ավստրալացի 41-ամյա երգչուհու հետ:

2015 թվականի մարտին One Direction-ը լքած Մալիքը չի բացահայտել Սիայի հետ համագործակցության գաղտնիքները, բայց հաղորդել է, որ երգը կթողարկվի սեպտեմբերի 7-ին:

Ի դեպ, վերջերս տված հարցազրույցներից մեկում երգիչը նշել էր, որ չի սիրում խոսել իր անձնական կյանքի մասին (նա սիրավեպ ունի Ջիջի Հադիդի հետ):

«Ես այն արտիստներից չեմ, ում անձնական կյանքը պետք է բոլորի աչքի առջեւ լինի: Հույս ունեմ, որ ինձ կընկալեն իմ երգերի, այլ ոչ թե ստեղծված իմիջի միջոցով: Իմ երաժշտությունը խոսում է իմ փոխարեն»:

 

Լուսանկարները՝ Fameflynet-ի, WiReImage-ի



© NEWS.am STYLE